շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լաչինի միջանցքը կարող է դիվանագիտական ճանապարհով բացվել. Ռուստամյան

Լաչինի միջանցքը կարող է դիվանագիտական ճանապարհով բացվել. Ռուստամյան

ԵԽԽՎ-ում արդեն մի անգամ քննարկվել Արցախում ստեղծված իրավիճակը, հիմա նորից դրված է օրակարգում այդ հարցը: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Մեր ակնկալիքները շատ ակնհայտ են, ԵԽԽՎ չի կարող լուռ հետեւել, միայն հայտարարություններով սահմանափակվել: ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որ կարող է որոշակի բանաձեւերի ընդունել, սանկցիաներ անգամ կիրառել այն երկրի նկատմամբ, որը հիմնարար արժեհամակարգը ոտնահարում է ԵԽ-ի:

Մենք այն ժամանակ պահանջում էինք, որ դատապարտեն Ադրբեջանին: Դատապարտեցին Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով համազեկուցողները, նաեւ ստանձնեցին պարտավորություն ուղարկելու փաստահավաք առաքելություն, բայց դա էլ չի գալիս: Առնվազն այդ առաքելությունը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը նորից շահարկի, խեղաթյուրի իրականությունը»,-ասաց նա:

Ռուստամյանը նկատեց, որ ադրբեջանցիները կուզեն այնքան, ինչքան դու կտաս: «Սա է Ադրբեջանի մարտավարությունը: Իրենք հիմա ասում են՝ իրենց ուզածն ինչ է, իրենց ուզածը մինչեւ Երեւան գալն է: Եթե մենք դա չենք հասկացել ազգովի, մի օր իրենց կտեսնենք Երեւանում մեր պատուհանների տակ»:

Հարցին, թե դիվանագիտական ճանապարհով Լաչինի միջանցքը կարո՞ղ է բացվել, Ռուստամյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, այդ հնարավորությունը տեսնում ենք: Լաչինի միջանցի բացումը տեղի կունենա այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան տեսնեն, որ դրան համապատասխան հակակշռելի իրավիճակ է առաջացել, զորաշարժ է առաջացել համահայկական, ոչ թե Ադրբեջանին քաջալերող հայտարարություններ արվեն»:

  • Կիսվել: