երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԼՂ-ի համար ֆրանսիական հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարներն օգոստոսի վերջին կլինեն Կոռնիձորում

ԼՂ-ի համար ֆրանսիական հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարներն օգոստոսի վերջին կլինեն Կոռնիձորում

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ` Ֆրանսիայի մայրաքաղաքը, մի շարք շրջանների հետ համատեղ, ի աջակցություն ԼՂ բնակչության միավորվել են` արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին նշված է Փարիզի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Միավորված խմբի կողմից ուղարկված առաջին բեռնատարը վերջերս է Երևանից ուղևորվել սահմանամերձ Կոռնիձոր գյուղ, որտեղ միացել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ ուղարկված` 20 բեռնատարից բաղկացած շարասյանը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ հունիսի 15-ից Ադրբեջանի զինուժը թույլ չի տալիս ԼՂ տեղափոխել ոչ սննդամթերք, ոչ դեղեր, ոչ բժշկական խմբեր:

«Մենք մտահոգ ենք Ադրբեջանի ԶՈՒ կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ, ինչը զգալիորեն խոչընդոտում է հումանիտար օգնության տեղափոխմանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես` Միջազգային դատարանի որոշումը` Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման վերաբերյալ»,- նշել է միավորված շրջանների ներկայացուցիչը:

Նախատեսվում է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկվող բեռնատարները Կոռնիձոր կհասնեն օգոստոսի վերջին: Նախատեսվում է, որ այս շարասյունին կմիանա նաև ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, որոնք աջակցում են հօգուտ արցախցիների մարդասիրական այս նախաձեռնությանը։

  • Կիսվել: