հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը. Սեյրան Օհանյան

Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը. Սեյրան Օհանյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հավատացած է, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ չունեն խաղաղ համակեցությամբ ապրել հայ ժողովրդի հետ, իսկ Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը ցանկանում է լուծել իր առջև դրված ամենակարևոր խնդիրը՝ Արցախը հայաթափել: Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

Օհանյանն ընդգծեց, որ 2022 թվականը բավականին բարդ տարի էր: «Եվ ՀՀ-ի  և Արցախի Հանրապետության շուրջ օղակն էլ ավելի էր սեղմվում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համապատասխան գործողություններով: Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեության շրջանակներում շարունակվել են ճնշումները, ռազմական գործողությունները ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ սահմաններին: Եվ սեպտեմբերի 13-14-ի գործողություններն այն վառ վկայությունն են, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ չունեն խաղաղ համակեցությամբ ապրել հայ ժողովրդի հետ և շարունակել են իրենց հանցագործ գործունեությունը՝ նվաճելով ՀՀ սահմանի մի քանի դիրքեր, պատճառելով կորուստներ, զոհեր»,-ասաց Օհանյանը՝ ընդգծելով, որ ԶՈՒ որոշ ստորաբաժանումների հրամանատարներ և զինվորներ իրենց հերոսական գործողություններով, թեկուզ այսօրվա նվազ պայմաններում, կարողացել են իրենց առջև դրված խնդիրները որոշ հատվածներում իրականացնել:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեղադրեց նաև ՀՀ իշխանությանը՝ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում ոչ ադեկվատ որոշումներ ընդունելու, անվտանգության խնդիրների հարցով համապատասխան միջոցառումներ չիրականացնելու մեջ: Սակայն Օհանյանն այն համոզմանն է, որ նախորդ տարի ընդդիմության կողմից նախաձեռնված «Դիմադրություն» շարժումը որոշակի չափով ապահովել է պայքարի ոգին, զսպել է իշխանության որոշ գործողություններ:

Խոսելով Լաչինի միջանցքի արգելափակումից՝ նա ասաց. «Դրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ևս մեկ օղակ սեղմել մեր շուրջ: Իրենց ամենակարևոր խնդիրն Արցախի Հանրապետության հայաթափումն է, Արցախի ժողովրդին՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքից զրկելն է»:

Օհանյանն ընդգծեց, որ 2023 թվականն այդ առումով բավականին բարդ տարի է լինելու: Նա կարևորեց  ՀՀ իշխանությունների կողմից ադեկվատ որոշումների ընդունումը, արտաքին հարաբերություններում, անվտանգության համակարգում առկա գերակայությունները հաշվի առնելը:

Օհանյանն անդրադարձավ նաև ՀՀ ՊՆ զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին, որը հանգեցրել է 15 զինծառայողի մահվան: Նա շեշտեց, որ դեպքի պատասխանատուները, ընդ որում՝ բարձրաստիճան պատասխանատուները, պետք է պատասխան տան:

  • Կիսվել: