շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կրակի դադարեցման հնարավորությունը կորցնելը խիստ վտանգավոր է. Մնացականյանի հարցազրույցը՝ РБК-ին

Կրակի դադարեցման հնարավորությունը կորցնելը խիստ վտանգավոր է. Մնացականյանի հարցազրույցը՝ РБК-ին

Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության ընձեռած հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել չի կարելի:

Նա նշել է, որ իրավիճակը շատ փոփոխական է:
 
՛՛Հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են, հիմնականում՝ հարավային ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից, մեծ ուժեր են առաջ նետվել, փորձել են ինչ-որ բանի հասնել:
 
Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների և, հատկապես, մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարել. ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, շարունավել են ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև երկուշաբթի՝ օրվա ողջ ընթացքում՛՛,-ասել է նախարարը:

 

Մնացականյանի խոսքով՝ առաջին քայլը ստեղծված իրավիճակում հումանիտար նպատակներով կրակի դադարեցումն է: Այս համատեքստում նա ընդգծել է ՌԴ գլխավորությամբ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերումը:

Նախարարն ասել է. ՛՛Այն կորցնելը խիստ վտանգավոր է: Խորհրդակցություններ են անցկացվում և՛ Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության, և՛ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը՛՛:
 
Նա հավելել է, որ այժմ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հարցը:
 
Այդ համատեքստու, ըստ նախարարի,մ Ռուսաստանը իր կողմից շատ օգտակար դեր է խաղում:
 
՛՛Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը հանդես են եկել և այժմ էլ հանդես են գալիս վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման օգտին, բայց տարիներ շարունակ մենք բախվում ենք այն խնդրին, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ամրապնդման որևէ մեխանիզմի ներդրմանը՛՛,-ասել է Մնացականյանը:
 

Նա ասել է նաև, որ կոնկրետ տարածքների՝ այս կամ այն կողմից վերահսկողության տակ գտնվելու մասին խոսելը տեղին չէ:

Մնացականյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի դիրքերի առաջխաղացում է եղել, քայլեր են ձեռնարկվում հակառակորդի որևէ հաջողություն թույլ չտալու ուղղությամբ, պաշտպանության բանակի ուժերը հետ են շպրտում հակառակորդին, դիրքավորում է ընթանում:

՛՛Հակառակորդը երկու շաբաթում կրառել է իր ողջ հզորությունը՝ ավիացիա, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ՝ Թուրքիայի անմիջական ու անվերապահ աջակցությամբ. վերջինը Ադրբեջանին զինում է ռազմական տեխնիկայով, F-16 կործանիչներով, հրամանատարությամբ ու աջակցում օդային ղեկավարմամբ:

Բացի այդ, Սիրիայից, Լիբիայից զինյալ-ահաբեկիչների տեղակայումը Ադրբեջանում փոխում է հակամարտության համատեքստը: Արցախը վերջին երկու շաբաթում ցույց է տվել, թե ինչ է նշանակում պաշտպանությունն ու ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքն ու պատմական հայրենիքը՛՛,-նշել է նախարարը:

Նա նաև բարձր է գնահատել Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնության կայացման հարցում  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դերը:

ԱԳ նախարարը շեշտել է, որ բանակցությունները շատ բարդ ու զգայուն հարցերի վերաբերյալ էին:

՛՛Շատ դրույթներ կային՝ հարցերի ինչ ծավալ է պետք դիտարկել, ինչ հերթականությամբ քայլեր պետք է կատարվեն: 11 ժամ պահանջվեց այս 4 կետի շուրջ համաձայնության գալու համար, որոնք արտացոլվել են հայտարարությունում:

Եվ այստեղ, ասեմ Ձեզ, շատ կարևոր դեր է ունեցել Սերգեյ Լավրովը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այս պահին զերծ մնալ դետալների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Ինձ համար հիմա կարևորն արդյունքի հասնելն է: Հարցեր կան, որոնք վերաբերյալ մենք բացարձակապես համաձայն չենք ադրբեջանական կողմի հետ, բայց գլխավոր այն է, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք այդ հարցին մոտեցել, մեր ժողովուրդների առաջ ունեցած պատասխանատվությամբ՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: