ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով…Մի կնոջ պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով…Մի կնոջ պատմություն

83-ամյա Զոյա Ծատրյանը մինչ 44-օրյա պատերազմն իր փոքրիկ ընտանիքի հետ ապրում էր ԱՀ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։

Պատերազմից հետո ստիպված եղան տեղահանվել իրենց հայրենի բնօրրանից։ Ընտանիքն այսօր ապրում է Ստեփանակերտում` Թումանյան 75 հասցեում գտնվող «Տիրուն» հյուրանոցում։

«Ծնվել ու մեծացել եմ Քարին տակում։ Գյուղում միակ զբաղմունքս գյուղատնտեսությունն էր։ Տարվա այս եղանակին, չնայած տարիքիս, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ էի զբաղվում։ Երեք որդիներիցս առաջինին 1991 թվականին կորցրեցի՝ թշնամու առաջին կրակոցից, մյուս որդիս անժամանակ կյանքից հեռացավ հիվանդության պատճառով, իսկ երրորդը Արցախյան ազատամարտի տարիներին է վիրավորվել ու դարձել անաշխատունակ։ Այժմ նրա և կնոջ հետ միասին ենք ապրում»,-ներկայացրել է տիկին Զոյան։

Նրա խոսքով՝ օգտվել են տեղահանվածներին տրամադրվող աջակցությունից, Կարմի Խաչի կողմից էլ սնունդ և հիգիենայի պարագաներ են ստացել։

«Միակ երազանքս այսօր Քարին տակ վերադառնալն է, որ նորից արարենք մեր հայրենի հողում։ Հազար անգամ օրհնվի այն մարդը, ով ինձ Քարին տակի ազատագրման լուրը կբերի»,-ասել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: