«Կիրառիր գիտելիքդ և փորձառությունդ հանուն Արցախի զարգացման». Ստեփանակերտում հանդիպում-քննարկում է կազմակերպվել
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է «Կիրառիր գիտելիքդ և փորձառությունդ հանուն Արցախի զարգացման» խորագրով հանդիպում-քննարկում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է, թե ինչպես ապահովել բոլոր երեխաների ներգրավվածությունը ուսումնական գործընթացին (այդ թվում՝ տեղահանված երեխաների), ինչպես աշխատել դժվարությամբ գրող և կարդացող կամ վարքային տարբեր դրսևորումներ ունեցող երեխայի հետ: Քննարկման մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով, մատնանշել են խնդիրների լուծման ուղիներ, ինչպես նաև կատարել փորձի փոխանակում:
Բացման խոսքով հանդես է եկել բուհի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Արմինե Բաղդասարյանը:
«Հանդիպման նպատակն է համագործակցության եզրեր գտնել դպրոց-բուհ հարթակում, որտեղ քննարկվելու են երեխաների ուսումնառության հոգեբանական, սոցիալ-մանկավարժական և կոնկրետ մանկավարժական բնույթի հիմնախնդիրներ: Պետք է բարելավենք և ակտիվացնենք բուհ-դպրոց փոխայցելությունները, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի համատեղ իրականացմանը, ինչպես նաև ստեղծենք մի հարթակ, որը կկրի խորհրդատվական-տեղեկատվական ներուժ նորարությունների ոլորտում», - նշեց Ա. Բաղդասարյանը:
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Սուսաննա Հովսեփյանի խոսքով՝ իրենց ստուգումները, հետազոտությունները հանգեցրել են այն փաստին, որ, ամեն դեպքում, ուսուցիչը պետք է լավ պատրաստված մտնի դասարան:
«Ուսուցիչն ինքն է ընտրում՝ օգտվե՞լ նորարարությունից, թե՞ առաջնորդվել ավանդական մեթոդներով, դասի անցկացման ձևը ինքն է ընտրում, միայն թե երեխան անհրաժեշտ գիտելիքը ստանա, նա լավ օրինակների, մեթոդների է սպասում: Ամեն ինչ մեր ձեռքերում է և տիրող ծանր վիճակից պետք է պատվով դուրս գանք», - ասաց Ս. Հովսեփյանը:
Քննարկմանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Հադրութի հոսքային, Ստեփանակերտի 10-րդ դպրոցների մանկավարժներ, հոգեբաններ: