շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խերխանում արցախցին հաստատակամորեն շարունակում է ապրել ու արարել. գյուղի առօրյան ու խնդիրները

Խերխանում արցախցին հաստատակամորեն շարունակում է ապրել ու արարել. գյուղի առօրյան ու խնդիրները

Արցախի Հանրապետության հնագույն բնակավայրերից է Մարտունու շրջանի Խերխան գյուղը։ Հին ժամանակներից՝ գյուղում արարող, հողին ամուր կապված հայի տեսակն է ապրում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խերխանի համայնքապետ Գրիշա Կարապետյանը։

«Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը համայնքը 990 հեկտար վարելահող ուներ։ Այսօր դրանից մնացել է 640 հեկտար։ Բնակիչները մշակում են եղածը, գարու, ցորենի ցանքս են կատարում։ Գյուղատնտեսության զարգացած ճյուղերից է անասնապահությունը։ Գյուղի աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ նպատակահարմար չէ այգեգործությամբ զբաղվել»,-նշել է համայնքապետը։ Նրա հավաստմամբ՝ բնականոն են գործում համայնքապետարանը, դպրոցը, մշակույթի տունն ու բուժկետը։ «Հետպատերազմական շրջանում տեղահանված ընտանիքներ այստեղ չեն հաստատվել, բայց ազատ բնակֆոնդում 18 տուն ունենք, որոնք բարեկարգումից հետո կտրամադրենք մեր հայրենակիցներին»,-ասել է մեր զրուցակիցը։

Նա իրազեկել է, որ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, կան նաև աղբյուրներ: Բնակավայրը, սակայն, գազաֆիկացված չէ, որի անհրաժեշտությունը զգացվում է։

«Պատերազմի ընթացքում մեր փոքրիկ գյուղը 3 զոհ է տվել։ Մենք հաստատակամորեն ապրելու և արարելու ենք հերոսների կյանքի գնով պահված մեր երկրում»,-ընդհանրացրել է Գ. Կարապետյանը։

  • Կիսվել: