հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կայացել է ԱրՊՀ առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը

Կայացել է ԱրՊՀ առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Արցախի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված կոթողի մոտ կայացել է բուհի առաջին կուրսեցիների երդման արարողությունը, որին ներկա էին նաև ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ և հուշակոթողի պատվանդանին ծաղիկներ խոնարհելով, հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին:Իրենց երդմամբ ուսանողները պարտավորվել են ծառայել ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը, գիտելիքների ձեռքբերմանը, հանուն հայրենիքի ու մարդկության բարօրությանը:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը ռեկտորատի, գիտխորհրդի և պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորել է առաջին կուրսեցիներին և երդման արարողության առթիվ:
 
«Մայր բուհում ավանդույթ է դարձել առաջին կուրսեցիների երդման արարողությունը, որն այս տարի համընկել է Մայր հայրենիքի անկախության օրվան: Երդում, որը կատարվում է մեր լույս տղաների հիշատակին կանգնեցված կոթողի մոտ: Այս հուշարձանի մոտ երդվելով, դուք պարտավորվում եք համալսարանում ձեռք բերված գիտելիքները, փորձն ամբողջ կյանքում կիրառել հայրենիքի բարգավաճման համար»,-ասել է ռեկտորը:
 
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով  ուսանողներին, խորհրդանշական է համարել միջոցառման կազմակերպման օրն ու վայրը:
«Այն կրթությունը, որը պետք է ստանաք Արցախի պետական համալսարանում, արժեքահեն է, որովհետև հանուն անկախության, ազատության և մեր ազատամարտիկների նվիրման արժեքների ու գաղափարների Դուք պատրաստ եք կրթություն ստանալ և շարունակել մեր նախնիների, մեր ավագների կողմից ընտրված ճանապարհը: Շատ ուրախ եմ, որ համալսարանը շարունակում է այս ավանդույթները և տարեցտարի բարելավում պայմանները, որի շնորհիվ համոզված եմ, որ տարիների ընթացքում, նաև ձեր ջանքերով, ստացած կրթության հիման վրա համատեղ ուժերով կկարողանանք հաղթահարել մեր պետականության ու անկախության առջև ծառացած խնդիրները»,-ասել է պետնախարարը:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը մեջբերելով Նժդեհի խոսքը.
 
«Եթե ուզում ես գուշակել ազգի ապագան, նայիր երիտասարդությանը» , կարևորել է ուսանողների դերակատարությունը պետականության ամրապնդման գործում:
 
«Վաղը մենք հնձելու ենք այն, ինչ ցանում ենք այսօր: Դուք եք այն հիմնաքարը, որը կլինի մեր պետականության ամրապնդողը: Եղեք հավատարիմ ձեր երդմանը և հող հայրենիին»,-հորդորեց գերատեսչության ղեկավարը: Արարողությանը ներկա էր նաև հասարակական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը, ով շնորհավորելով ուսանողներին, հորդորել է նրանց լինել ինքնավստահ և հավատալ սեփական ուժերին:
 

Միջոցառումը եզրափակվել է ուսանողների ասմունքով և հայրենասիրական երգերով, որին հաջորդել է ամենաբարձր միավորներով բուհ ընդունված առաջին կուրսեցիների ստուգման գրքույկների ու ուսանողական տոմսերի հանձնումը:

 

  • Կիսվել: