ԱրՊՀ-ում ամփոփվել են նախօրեին մեկնարկած գիտաժողովի աշխատանքները. մասնակիցներին հավաստագրեր են տրվել
Այսօր՝ մայիսի 13-ին, Արցախի պետական համալսարանում ավարտվել է բուհի` 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված ուսանողական գիտաժողովը:
Բանասիրական, բնագիտական, պատմության և իրավագիտության, մաթեմատիկայի մասնախմբերի համանախագահներն ամփոփել են ուսանողների զեկույցներն ու կատարված աշխատանքների արդյունքները:
Բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ գիտաժողովը համարում է կայացած:
«Պետք է նշեմ, որ գիտությունը սկսվում է բուհից: Գիտաժողովի ընթացքում առանձին մասնախմբերում բոլոր ուսանողներն էլ հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով: Ես վստահ եմ, որ մեր երիտասարդները ոչ միայն մեր ապագան, այլև մեր ներկան են, նրանք կազմակերպում են այնպիսի միջոցառումներ, որոնք նախաձեռնելը վեր է մեր ուժերից: Հույս ունենանք, որ ավանդույթի ուժ ստացած գիտաժողովներն այսուհետ կկազմակերպվեն համաչափ»,-ասել է ռեկտորը՝ հավելելով, որ զեկուցումները տպագրվելու են առանձին ժողովածուով։ Տնտեսագիտության մասնախմբում զեկույցով հանդես եկած Հայ-ռուսական համալսարանի ուսանող Վիլեն Մնացականյանը մեզ հետ զրույցում կարևորել է մասնակցությունն Արցախի Մայր բուհում կայացած գիտաժողովին:
«Գիտաժողովի շնորհիվ մենք կարողացանք ծանոթանալ ԱրՊՀ-ի և ՀՀ բուհերի` Արցախ այցելած ուսանողների զեկույցներին, որոնք բազմաբևեռ էին: Մեր մասնախմբում ունեցանք բավականին հետաքրքիր քննարկումներ ուսանողների և դասախոսների հետ, որտեղ կարողացանք կոնստրուկտիվ ձևով առանձնացնել որոշակի խնդիրներ: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը դեռ սկիզբն է»,-ընդգծել է Վ. Մնացականյանը:
Գիտաժողովին մասնակցած ուսանողները ստացել են հավաստագրեր և գրքեր: