ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կաթնախառնուրդներ արցախցի փոքրիկներին. ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է

Կաթնախառնուրդներ արցախցի փոքրիկներին. ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է

 Մի խումբ քաղաքացիներ, ի աջակցություն Արցախի, բողոքի ակցիա են անցկացնում ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք կաթնախառնուրդներ են տարել` նախատեսված արցախցի փոքրիկների համար, որոնք շրջափակման պայմաններում առանց սննդի են մնացել։
 
«Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներում իրենք մեծ դեր ու նշանակություն ունեն, բայց մեր երկրում իրենք անտարբեր են, մեր ազգի հանդեպ անտարբեր են։ Լինելով այստեղ` ունենալով իրենց գրասենյակը, պարտավոր են մի բան ձեռնարկել»,– նշեց ԱԺ նախկին պատգամավոր, նախաձեռնության կազմակերպիչներից Սոֆյա Հովսեփյանը` դիմելով ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին։
 
Նրա խոսքով` հնարավոր է` Արցախի իշխանություններն ինչ–որ քայլեր անում են, սակայն հայաստանյան իշխանություններից է կախված ամեն ինչ։
«Նրանք որոշեցին ու վճռեցին Արցախում ապրող մարդու ճակատագիրը»,– նշեց Հովսեփյանը։
Նախկին պատգամավորը պատմեց, որ ինքը ևս միայն մոտ մեկ ամիս առաջ է շրջափակված Արցախից դուրս եկել, որովհետև բալիկի էր սպասում, իրեն տեղափոխել են Հայաստան, սակայն ամուսինը շարունակում է Արցախում մնալ։
Հիմա ակցիայի մասնակիցները սպասում են, որ ՄԱԿ–ի գրասենյակից ներկայացուցիչներ դուրս գան, հանդիպեն իրենց հետ և խոստանան, որ կաթնախառնուրդներն Արցախ կհասցվեն։

  • Կիսվել: