հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կարծում եմ` չի ուշանա նաև Բաքվին հասկացնելու ժամանակը». փորձագետը` Խրամորթում  իրականացվող սադրանքի վերաբերյալ

«Կարծում եմ` չի ուշանա նաև Բաքվին հասկացնելու ժամանակը». փորձագետը` Խրամորթում իրականացվող սադրանքի վերաբերյալ

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակչության նկատմամբ վերջին օրերին ադրբեջանական կողմից կիրառվող սադրանքը հոգեբանական պատերազմի դասական օրինակ է, որն ակնհայտորեն նախապատրաստվել է Բաքվում:  

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից բարձրախոսով գրական հայերենով արվող այն  հայտարարություններին, որ գյուղն ադրբեջանական տարածք է,  և տեղի բնակիչները պետք է լքեն այն։
 
Փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմի` գրական հայերենի ու որակյալ ձայնագրության օգտագործումը ցույց է տալիս, որ տեքստը նպատակային պատրաստվել է Բաքվում՝ հատուկ ծառայությունների կողմից, և նախապես հաստատվել Ալիևի աշխատակազմում: Ակնհայտորեն, այն նախապես ծրագրված գործողություն է և, հաջողության դեպքում, բնականաբար, կիրառվելու է նաև Արցախի այլ համայնքների խաղաղ բնակչության հանդեպ:
 
«Այս ընթացքում ադրբեջանական սադրանքներն, իհարկե, երբեք չեն պակասել, բայց դրանք ավելի ագրեսիվ են դառնում, երբ Ռուսաստանը զբաղված է լինում այլ գործերով: Հիշենք, թեկուզ, հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ադրբեջանական կողմի ակտիվությունը: Հետևաբար, բացի համապատասխան գործողությունների դիմելուց,  մեր հասարակությունն   առաջին հերթին պետք է պատրաստ լինի այդպիսի տեղեկատվական-հոգեբանական սադրանքներին առավել հանգիստ վերաբերվելուն»,- ասել է մեր զրուցակիցը և ավելացրել, որ շատ կարևոր է ռուսական խաղաղապահ զորակազմի կոշտ ու կանխարգելիչ արձագանքը:
 
Ըստ ռազմական փորձագետի՝ թեև ադրբեջանական կողմը փորձում է վախ առաջացնել՝ սպառնալով խաղաղ բնակչության նկատմամբ ուժ կիրառել, բայց նման արկածախնդրության չի կարող գնալ: Նրանք հասկանում են, որ առերեսվելու են ՊԲ համապատասխան գործողություններին, ինչպես նաև դրանով ուղիղ հարվածելու են Ռուսաստանի շահերին ու հեղինակությանը, իսկ դրա համար  նրանց չեն ներելու:
 
«Արցախի այն հատվածում, որը գտնվում է մեր վերահսկողության ներքո և ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում, հնարավոր չեմ համարում տարածքային նոր կորուստներ, որքան էլ Բաքուն ձգտի դրան տարբեր միջոցներով: Հատկապես մեր օրերում բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է փոխվում աշխարհը, հաստատվում նոր աշխարհակարգ, ու եթե դա դժվար են հասկանում Բաքվում իշխանական աթոռներին նստածները, ապա, կարծում եմ, չի ուշանա նաև նրանց հասկացնելու ժամանակը»,- ասել է Վլադիմիր Հարությունյանը և ընդգծել, որ ասվածն ամենևին չպետք էլ ընկալել որպես ստեղծված իրավիճակում հուսադրող խոսքեր, այլ որակել որպես տեղի ունեցող իրողությունների սթափ վերլուծության արդյունք:

  • Կիսվել: