ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կարմիր շուկան աստիճանաբար վերադառնում է երբեմնի աշխույժ կյանքին. այսօր համայնքի օրն է

Կարմիր շուկան աստիճանաբար վերադառնում է երբեմնի աշխույժ կյանքին. այսօր համայնքի օրն է

Այսօր՝ մայիսի 4-ին, ԱՀ Մարտունու շրջանի սահմանամերձ դարձած Կարմիր շուկա համայնքի հիմնադրման օրն է:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքապետ Նարեկ Աթայանը նշել է, որ համայնքի ներկայիս տարածքում առևտրի շուկա էր գործում, որտեղ հայերի հետ մեկտեղ ադրբեջանցիներ էլ էին աշխատում: Հայ վաճառականները օտարի լծից ազատվելու համար օգնություն են խնդրել ռուսական Կարմիր բանակայիններից, ովքեր էլ օգնության ձեռք են մեկնել: Տեղացիների երազանքն իրականանալուց հետո՝ 1921 թվականի մայիսի 1-ին, տոնակատարություն է կազմակերպվել նույն տարածքում, որի ժամանակ հարևան թաղավարդցի կոմունիստ Ավանես Բեգլարյանը, նայելով շուրջբոլորը և ամենուր տեսնելով կարմիր դրոշներ, բաժակաճառի ժամանակ առաջարկում է բնակավայրն անվանել Կարմիր շուկա: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Կարմիր շուկան շրջանում միշտ էլ աչքի է ընկել իր զարգացման բարձր մակարդակով։ «Պատերազմից հետո համայնքը դարձել է սահմանամերձ, և ամեն օր թշնամական դիրքերի ուղիղ նշանառության տակ մենք շարունակում ենք հաստատակամորեն ապրել մեր բնօրրանում։ Գյուղում մեծ թե փոքր, կին թե տղամարդ, լավ գիտակցում են, որ սա է մեր հայրենիքը, և մենք ենք նրա տերը»,-ընդգծել է Ն. Աթայանը։

Նրա խոսքով՝ համայնքում իրենց բնականոն գործունեությունն են իրականացնում համայնքապետարանը, բուժկետը, դպրոցը, մանկապարտեզը, ակումբն ու մշակույթի տունը:

«Տարվա այս եղանակին բնակչությունը գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացնում, այգի ու հող մշակում, ծառ տնկում, տուն կառուցում ու այդպիսով Կարմիր շուկան ավելի զարգացնում»,-ընդհանրացրել է համայնքապետն ու հավաստիացրել՝ Կարմիր շուկայում հայրենասեր արցախցին է արարում։

  • Կիսվել: