Կանադահայ ջութակահարը Ստեփանակերտում վարպետության դասեր է անցկացնում
Արցախում մեկնարկած «Զարթոնք» երաժշտական ակադեմիայի շրջանակներում ջութակի վարպետության դասերը վարում է Կանադայից ժամանած մեր հայրենակից, Վան Արմենյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ջութակահար Վան Արմենյանը, ով նաև «Զարթոնք» ակադեմիայի հիմնադիր տնօրենն է, նշեց, որ պատերազմից հետո առաջին անգամ է Արցախում, և մեծ ոգևորությամբ է պարապում արցախցի երեխաների հետ:
«Ես Կանադայից եմ եկել: Արդեն երկրորդ օրն է ջութակի վարպետության դասեր եմ անցկացնում Արցախում: Հայ ազգի համար այժմ կարևոր շրջափուլ է. մենք բոլորս պետք է գանք Արցախ, լինենք արցախցու կողքին, քաջալերենք՝ աշխարհին ապացուցելով, որ մենք կանք , այստեղ ենք և միասնական ենք: Իմ խմբում Հայաստանից 3 մասնակից ունեմ, իսկ Արցախից՝ 5: Դասընթացը շատ հետաքրքիր է անցնում: Մասնակիցներն ունեն համապատասխան պոտենցիալ և արագ ու հեշտ են ըմբռնում»,- ասել է Վան Արմենյանը:

Նա կարևորել է ջութակահար երեխաների արդեն իսկ ունեցած հիմքը՝ նշելով, որ փորձում է իր գիտելիքները փոխանցմամբ նպաստել նրանց երաժշտական ունակությունների կատարելագործմանը:

