կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իվանյանի համայնքում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները

Իվանյանի համայնքում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները

Իվանյանի համայնքում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները: Համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանի խոսքով՝ ներկա դրությամբ համայնքում կառուցվում են 15 բազմաբնակարան շենքեր, 21 առանձնատներ: Շենքերի շինարարությունն արդեն հասել է տանիքի տեղադրմանը, իսկ առանձնատներում ընթանում են պատերի շարման աշխատանքներ: Շինարարությունը կատարվում է ԱՀ պետական միջոցներով: Համայնքում կառուցվում են նաև 5 առանձնատներ սեփականատիրոջ կողմից:

Համայնքի ղեկավարը, անդրադառնալով համայնքի կյանքին, նշեց, որ բնակչության մեծ մասն աշխատում է տարբեր մասնավոր և պետական հիմնարկներում, իսկ մի մասը զբաղվում է հողագործությամբ՝ հիմնականում մշակելով տնամերձ հողամասերը: Համանքում գործում են գյուղապետարան, բուժկետ, մշակույթի տուն, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ: Համայնքում կա առևտրի 14 օբյեկտ, 3 հանգստի գոտի, 2 վարսավիրանոց, 6 ավտոլվացման կետ, ջերմոցային տնտեսություն: Գործում են նաև 10 ՓԲ և ՍՊ ընկերություններ, որոնք զբաղվում են տարբեր գործունեությամբ: Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ:

Հասանելի են հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային կապի համակարգը, ինտերնետ ծառայությունը: Իվանյանում ժամանակավոր բնակություն է հաստատել պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված 180 բնակիչներից կազմված 53 ընտանիք: Բորիս Ղահրամանյանը նշեց նաև, որ 2020 թվականին Ասկերանի շրջվարչակազմի միջոցներով փոխվել է բազմաբնակարան 3 շենքերի տանիքները: Պետական միջոցներով կապիտալ վերանորոգվել են հրետակոծությունների պատճառով տուժած 2 բնակելի տներ, իսկ 10-ից ավելի տներում փոխվել են տանիքներ, դռներ ու պատուհաններ։

  • Կիսվել: