ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչպիսի՞ իրավական խնդիրների հետ են բախվում շրջափակված Արցախում․ «Իրավունք»

Ինչպիսի՞ իրավական խնդիրների հետ են բախվում շրջափակված Արցախում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը իրավական խնդիրների թեմայով զրուցել է  Արցախի արդարադատության նախարար Սրբուհի Արզումանյանի հետ։ 

- Սոցիալականից զատ, ինչպիսի՞ իրավական խնդիրների հետ են բախվում շրջափակված Արցախում։ 

 

- Ստեղծված բարդ իրավիճակում առաջնային պլան են մղվել զոհված (մահացած), անհետ կորած անձանց ընտանիքների անդամների, հաշմանդամների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների և շրջափակման մեջ հայտնված բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, նա խա րա րու թյունն ակտիվորեն ներգրավված է շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրավական ակտերի,
սոցիալական աջակցության ծրագրերի մշակման աշխատանքներին:

Ներկայումս մեր կողմից շրջանառության մեջ է դրվել նաև «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ՝ դատական քննությանը պաշտպանվող անձի մասնակցելու դատավարական իրավունքի իրագործումն ապահովելու նպատակով և, հաշվի առնելով ԱՀ շրջափակումը, առաջարկել ենք նախատեսել կարգավորումներ դատաքննության ընթացքում հարցաքննության ենթակա անձի հարցաքննությունը տեսակապի միջոցով իրականացնելու համար:

Քննարկվում է այդպիսի հնարավորություն նախատեսել նաև գործի մինչդատական վարույթի համար: Այս ոչ հասարակ պայմաններում նախարարության գործունեության կարևոր ուղղու թյուններից է շարունակում մնալ բնակչությանը մատուցվող ծառայությունների մատչելիության և որակի բարձրացումը՝ ապահովելով նաև տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների համար այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Շարունակվելու են աշխատանքները պատերազմի հետևանքով քաղաքացիների կորսված փաստաթղթերի վերականգնման համար պարզեցված ընթացակարգեր և արտոնություններ սահմանելու ուղղությամբ:

Կարևորում ենք տարածքային պաշտպանության համակարգի մշակմանը մասնակցելու և արխիվային գործի կազմակերպմանը լուրջ ուշադրություն դարձնելու հետևողական քաղաքականությունը, նաև պետական մարմինների տարբեր ստորաբաժանումների հետ թեմատիկ քննարկումների, մասնավոր հատվածի հետ շփումների անհրաժեշտությունը՝ այդ ուղղությամբ ձեռնարկելով գործուն քայլեր:

Շրջափակումը, դրանով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի հաճախակի հովհարային անջատումներն ու դիզվառելիքի սղությունը դժվարացրել են նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի ապա հով ման, դատական փորձաքննությունների լաբորատորիայի (փորձաքննությունների կատարումը ժամանակային առումով ուշանում են), պետական արխիվային հավաքածուի թվայնացման, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Արցախի բնակչությանը պետական գրանցման և պետական հաշվառման ոլորտի համապատասխան ծառայություններ մատուցելու աշխատանքները: Այնուհանդերձ, չնայած դժվարություններին, առաջադրված խնդիրները գրեթե լրիվությամբ լուծում են ստանում:

- Տիկի՛ն Արզումանյան, ի՞նչ լծակներով է կարողանում նախարարությունը օժանդակել տեղահանված ազգաբնակչության խնդիրներին, որոնց հետ
բախվում են արցախահայերը ՀՀ-ում: Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում տեղահանված մեր հայրենակիցները նախարարությանը:

- 44-օրյա պատերազմը խնդիրներ է առաջացրել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում: ՀՀ տեղահանված մեր հայրենակիցների համար քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերականգնման, ուղղման և ԱԱՀ փոխման հետ կապված առաջացող խնդիրները լուծվում են պատերազմից հետո ՀՀ-ում գործող մեր ՔԿԱԳ բաժինների և ՀՀ արդարադատության նախարարության մեր գործընկերների, մասնավորապես՝ ՔԿԱԳ գործակալության պետի՝ ոլորտը կարգավորող համապատասխան տեղակալի գործուն ջանքերով, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը:

Նոտարիատի բնագավառում ծագած հարցերը հիմնականում կարգավորվում են ՀՀ գործուղված ԱՀ նոտարների և ՀՀ նոտարական պալատի աշխատակիցների ու նոտարների աջակցությամբ: Ամփոփելով ասելիքս, հավաստիացնում եմ, որ չնայած հարուցված դժվարություններին, գրեթե բոլոր բարձրացվող հարցերին հնարավորինս դրական լուծումներ են տրվում և կտրվեն այսուհետ ևս: Մենք միշտ պատրաստակամ ենք պատշաճ ծառայություն իրականացնելու:

  • Կիսվել: