կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչ քայլեր է ձեռնարկել ԱԳՆ-ն 2023-ին` ԼՂ-ում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ

Ինչ քայլեր է ձեռնարկել ԱԳՆ-ն 2023-ին` ԼՂ-ում ստեղծված իրադրության լուծման ուղղությամբ

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսում նրա անդրադարձը 2023թ. Լեռնային Ղարաբաղում իրադրությանն ու զարգացումներին:

«2023թ. առաջին օրերից Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին՝ փորձելով, բնականաբար, ապահովել միջազգային առավելագույնս և հնարավորինս լայն ներկայություն և միջազգային ջանքեր՝ ուղղված հարցի լուծմանը, Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը:

Տեղի է ունեցել նամակագրություն այս առումով և բազմաթիվ հեռախոսազանգեր իմ, այլ պաշտոնյաների կողմից, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն: Ելույթներ են եղել, օրինակ, զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, հանդիպումներ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի` զինված հակամարտություններում երեխաների հարցերով հատուկ ներկայացուցչի, մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ, բազմաթիվ այլ գործընկերների հետ, նաև երկկողմ հարթություններում:

Գործունեության արդյունքում նաև ՄԱԿ հատուկ ընթացակարգերի մանդատակիրները հրապարակել են հաղորդագրություններ, նամակներ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և դրա հետևանքներին և ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա սննդի, առողջության, կրթության և այլ իրավունքներից օգտվելու հարցում։ Ադրբեջանին կոչ է արվել վերացնել արգելափակումը։

Օգոստոսի 16-ին, կհիշեք, տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին ես եմ ելույթով հանդես եկել։ Արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ռազմական հարձակումից հետո Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքերն ուղղվել են ռազմական ուժի կիրառման դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային ջանքերի և միջազգային կոնսոլիդացիայի ձևավորմանը։

Կրկին, այս անգամ Հայաստանի և Ֆրանսիայի պահանջով, տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ։ Այստեղ ևս ես ելույթով հանդես եմ եկել։ Հատկանշական է ՄԱԿ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամներից շատերը հանդես եկան բավականին իրավիճակն օբյեկտիվ կերպով արտացոլող դիրքորոշումներով։ Արժի հիշատակել նաև, որ բացի ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներից մասնակցում էին նաև այլ երկրներ։

Ես կուզենայի առանձնացնել նաև Եվրոպական միության բարձր հանձնակատարի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ունեցած ելույթները։ Բառացիորեն, օրեր անց, նույն բովանդակությամբ, ըստ էության, ելույթ եմ ունեցել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց հետո իրավիճակին անդրադարձել են ՄԱԿ մարդու իրավունքների մարմինները։

Կուզենայի առանձնացնել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում 40 երկրի անունից Ֆրանսիայի կողմից տարածված համատեղ հայտարարությունը։ Եվ, իհարկե, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր խորհրդականի՝ Ալիս Նդերիտուի երկու հայտարարությունները, որոնք հիշատակում են տեղահանված 100,000-ից ավել փախստականներին, և նշում էին, որ ոճրագործությունների ռիսկը դեռևս շարունակվում է առկա մնալ։

Բնականաբար, զարգացումներ տեղի են ունեցել և մեր ջանքերը նաև ուղղված են եղել ՄԱԿ շրջանակներից դուրս այլ միջազգային կառույցների, ինչպես ասեցի, նաև երկկողմ ուղղություններով առանձին երկրների հետ աշխատանքներում։

Բնականաբար, էթնիկ զտման այդ գործողությունից և բռնի տեղահանությունից անմիջապես հետո Հայաստանի դիվանագիտական ծառայության ջանքերն ուղղված են եղել նաև փախստականների կարիքները հոգալուն և այդ համատեքստում միջազգային ջանքերի ներգրավմանը, միջազգային մեխանիզմների գործարկմանը:

Կայացել են հանդիպումներ արտաքին գործերի նախարարությունում, նաև օտարերկրյա պետություններում, միջազգային կառույցներում»,- ասել է նա։

 

  • Կիսվել: