երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իմ սիրտը Հայաստանի հետ է. Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով փոխնախարար

Իմ սիրտը Հայաստանի հետ է. Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով փոխնախարար

«Ուկրաինան իմ մեծ հայ ընտանիքի նախորդ սերունդների համար Հայրենիքն է՝ երջանիկ ծնողական տուն: Մորական կողմից ուկրաինական ընտանիքս սեր և հայրենասիրություն է սերմանել: Իմ շատ ընկերների, հայրենակիցների համար Ուկրաինան վաղուց երկրորդ հայրենիք է դարձել»: Այս մասին ասել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանը, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:

Մակարյանը նշել է. «Որպես պետական գործիչ՝ բարեխղճորեն և ազնվորեն կատարում եմ իմ լիազորություններն ու պարտականությունները, որոնց թվում է նաև միջազգային նախագծերի իրականացման աջակցությունը, մասնավորապես, պատերազմից տուժած շրջանների վերականգնումն ու վերաինտեգրումը»:

Նա հավելել է նաև, որ այսօր իր «հայ եղբայրներն ու քույրերը դժբախտության մեջ են»:

«Իմ սիրտը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով տուժած մարդկանց հետ է: Իմ հասարակական գործունեության մեջ է մտնում Ուկրաինայի հայերի միության ղեկավարի տեղակալի լիազորությունների իրականացումը: Ուկրաինայի հայերի միությունը մի շարք կարևոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում տարբեր ուղղություններով՝ մշակույթ, կրթություն, սպորտ, պատմություն և այլն»,- ասել է փոխնախարարը:

Մակարյանի խոսքով՝ կայացել է արտահերթ նիստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, հայկական համայնքների տարածաշրջանային ղեկավարների, տեղակալների, ինչպես նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ:

«Հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շտաբ ստեղծել գործողությունների արդյունավետ համակարգման համար, առաջին հերթին՝ ԼՂ-ում մարտական գործողություններից տուժած հայերին աջակցելու համար: Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրին, ով կօգնի: Դրա համար պետք է դիմել ձեր քաղաքում Ուկրաինայի հայերի միության տեղական համայնքին: Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ զանգելով տվյալ հեռախոսահամարներին՝ 0 800 050 33 11; 044 277 91 61»,-նշել է նա:

 

  • Կիսվել: