հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հավերժ կմնան պատմության մեջ․ ԱՀ նախագահի ցավակցական ուղերձը

Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հավերժ կմնան պատմության մեջ․ ԱՀ նախագահի ցավակցական ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ընտանիքին: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցի ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, հասարակական գործիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանի մահվան բոթը:

Հրայր Հովնանյանն արժանիորեն դասվում է հայ ժողովրդի երախտավորների, նրա մեծանուն զավակների շարքին, ովքեր անսահման սիրով ու հավատով լցված իրենց պատմական հայրենիքի հանդեպ, փայփայում էին  մայր Հայաստանը աշխարհի հզոր ու զարգացած երկրների կողքին տեսնելու երազանքը և ամեն ինչ անում էին այն իրականություն դարձնելու համար:

Հովնանյանի անմիջական հովանավորությամբ ու գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ լուծվել են կարևորագույն խնդիրներ կրթության, գիտության, առողջապահության և այլ ոլորտներում: Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում:

Արցախի Հանրապետության բարօրությանն ուղղված բացառիկ ծառայությունների համար Հրայր Հովնանյանն արժանացել է պետական բարձր պարգևների:

Անդառնալի կորստի այս ծանր պահին Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:

Հրայր Հովնանյանի կյանքն ու գործը հայրենասիրության վառ օրինակ է, որը հավերժ կմնա հայ ժողովրդի պատմության մեջ»:

  • Կիսվել: