շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ի ու Արցախի կառավարություններից ֆինանսական աջակցություն են ստացել 96 հազարից ավելի արցախցիներ

ՀՀ-ի ու Արցախի կառավարություններից ֆինանսական աջակցություն են ստացել 96 հազարից ավելի արցախցիներ

Հայաստանի ու Արցախի կառավարությունների կողմից 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆինանսական աջակցություն են ստացել 96 հազարից ավելի արցախցիներ:

Այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը: Նրա խոսքով, դրամական օգնությունից բացի, այս ընթացքում աջակցություն է տրամադրվել կեցության, սննդի, հագուստի, փաստաթղթերի ապահովման ուղղությամբ, կազմակերպվել են դպրոցահասակ երեխաների կրթական հարցերը: Անհրաժեշտության դեպքում լուծվել են նաև առողջապահական խնդիրները՝ վիրահատական, հետվիրահատական շրջան, դեղորայք և այլն:
 
«Ինչպես գիտենք, այս ընթացքում բազմաթիվ ընտանիքներ վերադարձել են Արցախ ու դեռ շարունակվում է վերադարձի գործընթացը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գտնվող արցախցիների զգալի հատվածը սպասում է բնակարանաշինությանը: Արցախի կառավարությունը հայտարարել է, որ սեղմ ժամկետներում այդ հարցերը կկարգավորվեն, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեկ, երկու տարվա խնդիր է»,-ասաց Միքայել Վիրաբյանը:
 
Ներկայում կատարվում է Արդբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած արցախցիների կարիքների գնահատում: ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավարը փորձելու է աշխատանքները համակարգել՝ ավելի շատ լինելով մարզերում, բնակավայրերում, որտեղ ավելի շատ են տեղաբաշխված Արցախի քաղաքացիները: Շտաբն արցախցիներ հյուրընկալած հյուրանոցային համալիրների հետ աշխատանքներ է տանում, որպեսզի ծախսերի որոշակի փոխհատուցում կատարվի:
 
Միքայել Վիրաբյանը կարևորեց արցախցիների զբաղվածության հարցը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի  կառավարությունը հաստատել է մեկ տասնյակից ավելի սոցիալական աջակցության ծրագրեր, որոնցից երկուսը վերաբերում են զբաղվածությանը: Արդեն սկսվել է դիմումների ընդունման գործընթացը: Խոսքը վերաբերում է գործատուի մոտ փորձի ուսուցմամբ աշխատանքների կազմակերպմանը, որն ուղեկցվելու է վարձատրությամբ: Մյուս ծրագիրը հասարակական աշխատանքներին է վերաբերում, որը կրկին վարձատրվելու է:

  • Կիսվել: