ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ բոլոր ղեկավարների հետ Արցախի ճանաչման շուրջ բազմիցս քննարկումներ տարվել են, բայց դրանք չեմ ուզում որակել որպես բանակցություններ. Արթուր Թովմասյան

ՀՀ բոլոր ղեկավարների հետ Արցախի ճանաչման շուրջ բազմիցս քննարկումներ տարվել են, բայց դրանք չեմ ուզում որակել որպես բանակցություններ. Արթուր Թովմասյան

ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում հիմնականում համընկնում են:

Անդրադառնալով ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի՝ ռուսական պետական լրատվական գործակալության՝ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերին՝ այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Համամիտ եմ պարոն Բեգլարյանի հետ, որ ԼՂ խնդրի կարգավորման համար գործող ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, քանի որ այն կրում է հակամարտության կարգավորման ողջ պատասխանատվությունը, իսկ քանի դեռ հակամարտությունը մնում է չկարգավորված՝ ռուսական խաղաղապահ առաքելությունը միանշանակ Արցախում պետք է մնա անժամկետ: Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության ճանաչման հարցին, պետք է ասեմ, որ Հայաստանի բոլոր ղեկավարների հետ դրա շուրջ բազմիցս քննարկումներ տարվել են, բայց դրանք չեմ ուզում որակել որպես բանակցություններ: Դեռևս ՀՀ առաջին նախագահի կառավարման ժամանակից սկսած կար ձևավորված տեսակետ, որ Արցախի անկախության ճանաչումը ՀՀ կողմից հնարավոր կլինի միայն Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի պարագայում: Բայց փաստն այն է, որ թե՛ 2016 թվականի ապրիլին, թե՛ 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմներից հետո Արցախի անկախությունն այդպես էլ չի ճանաչվել Հայաստանի Հանրապետության կողմից»,- ասել է Ա. Թովմասյանն՝ ավելացնելով, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար հարմար պահ է եղել նաև մինչև 1994թ.-ի մայիսի 12-ը, երբ Բիշքեկում կնքվեց հրադադարի պայմանագիրը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այնուամենայնիվ, փաստ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո ճանաչել է Արցախի Հանրապետությունը, քանի որ հայկական երկու հանրապետությունների միջև ստեղծված են հորիզոնական շատ բարձր մակարդակի հարաբերություններ՝ ինչպես հավասարը հավասարի հետ:

«Իհարկե, 2020 թ.-ի պատերազմից հետո ունենք բոլորովին նոր իրավիճակ, որը, բնականաբար, նոր հրամայականներ է առաջ քաշում: Իսկ դրանք արդյունավետ կերպով հաղթահարելու համար կարևոր է մեր միասնական և ճկուն լինելու կարողությունը, քանի որ Արցախի հիմնախնդրի խաղաղ և վերջնական կարգավորման շուրջ որևէ տարաձայնություն չպետք է լինի հայ ազգի մեջ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը, և ավելի քան երեք տասնամյակ որդեգրած արժեքներից արցախահայությունը չի հրաժարվելու»,- ընդհանրացրել է Ա. Թովմասյանը:

  • Կիսվել: