շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է ԱՀ ՄԻՊ-ի ներկայացրած երկրորդ միջանկյալ զեկույցը

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է ԱՀ ՄԻՊ-ի ներկայացրած երկրորդ միջանկյալ զեկույցը

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համաձայն երկրորդ միջանկյալ զեկույցի՝ հոկտեմբերի 12-ը ներառյալ ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում և խիտ բնակեցված (մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Քարվաճառը, Բերձորը, Թաղասերը, Վարդաշատը, Սպիտակշենը, Մեղավուսը, Ներքին Հորաթաղը, Ալաշանը, Մադաղիսը և այլն) ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներին, որոնք ուղեկցվել են ԱԹՍ-ների, հրետանու, հրթիռային և տանկային հարվածների կիրառմամբ և մեծ մասամբ եղել են չտարբերակված՝ այդպիսով սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին:

Համաձայն զեկույցի՝ հոկտեմբերի 12֊ը ներառյալ սպանվել է 31 խաղաղ բնակիչ (8 կին և 23 տղամարդ, 1 երեխա և 30 մեծահասակ)։ Վիրավորվել է 106 խաղաղ բնակիչ, որոնցից 86-ը ստացել են ծանր վիրավորումներ։

Ադրբեջանի զինված ուժերը անտեսում են ռազմական նպատակների և քաղաքացիական բնակչության տարբերակման իրենց պարտավորությունները: Բացի դրանից՝ նրանք չեն կիրառել նաև խաղաղ բնակչությանը նախազգուշացնող միջոցառումներ: Շատ դեպքերում այդ հարձակումները եղել են թիրախավորված և դիտավորյալ, քանի որ ռազմական թիրախները տեղակայված են քաղաքացիական օբյեկտներից բավական մեծ հեռավորության վրա, իսկ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են ճշգրիտ զինատեսակներ, ինչպես, օրինակ, հրթիռներ և հարվածող դրոններ:

Հարձակման շրջաններում ռազմական օբյեկտների բացակայությունը հերթական անգամ փաստում է Ադրբեջանի գործողությունների դիտավորությունը, ինչը համազոր է ռազմական հանցագործության:

  • Կիսվել: