ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հետազոտվել է Արցախի հյուրընկալության ոլորտը. արդյունքներն ընդհանրացվել են

Հետազոտվել է Արցախի հյուրընկալության ոլորտը. արդյունքներն ընդհանրացվել են

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության և հյուրանոցային և տուրիզմի զարգացման ոլորտի մասնագետ Արփի Ումեդյանի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրում ամփոփվել է «Արցախի հյուրընկալության ոլորտի հետազոտություն» խորագրով ծրագիրը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել հյուրանոցային և տուրիզմի զարգացման ոլորտի մասնագետ Արփի Ումեդյանը, ով Արցախի հյուրանոցային օբյեկտների ներկայացուցիչներին տեղեկացրել է ծրագրի մասին: Այնուհետև ներկայացրել է հյուրընկալության ոլորտի առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման ճիշտ ուղիները: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արփի Ումեդյանը ասել է՝ ուրախալի է, որ ԱՀ զբոսաշրջության վարչությունն անընդհատ հետազոտություններ է իրականացնում հյուրանոցային ոլորտում՝ բարելավելով որակավորման չափանիշները, և եռամսյակը մեկ մտցնում կանոնակարգումներ:

«Մենք միասին վերանայում ենք Արցախում գործող հյուրանոցների որակավորման չափանիշները՝ համակցելով տեղական սպասարկման որակի բարելավմանը: Նպատակ ունենք աջակցելու մասնավորին, որպեսզի ամրապնդվի պետություն-մասնավոր հատվածի աշխատանքը: Հետազոտության արդյունքը տևել է մոտ երկու ամիս. իրականացրել ենք ստուգայցեր հյուրանոցներում և հյուրատներում: Իրականում շատ գոհ եմ արդյունքներից, որովհետև սպասելիքներս այլ էին, իսկ արդյունքները՝ բարձր: Այստեղ միայն մեկ խնդիր կար՝ այն է հյուրանոցային օբյեկտների գների բարձր լինելը, որը կապված է հարկերի և բարձր սպասարկման հետ»,-ավելացրել է Ա. Ումեդյանը:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ծրագրի նպատակն է ի մի բերել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այս ոլորում:

«Ծրագրում ընդգրկել ենք 3 քաղաքներ՝ Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ: Առաջին փուլի համար նախատեսել ենք մեկ տասնյակ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Ամեն տարի ծրագրին ներգրավելու ենք տարբեր հյուրանոցային տնտեսություններ: Ոլորտում կան խնդիրներ, բայց կան նաև զարգացման հեռանկարներ: Մեր նպատակն է, որպես լիազոր մարմին, մշտապես հետևել, վեր հանել բոլոր խնդիրները և տալ դրանց լուծումները: Մեր ժամանակներում յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ամենակարևոր խնդիրը բարձր սպասարկումն է: շատ կարևոր է ձեռքի տակ ունենալ ուսումնասիրություններ , որոնք օգնելու են աշխատանքների ճիշտ կազմակերպմանը»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ ԱՀ-ում կան ավելի քան 90 հյուրանոցային տնտեսություններ, որոնք դասակարգվում են հետևյալ կարգով՝ հյուրանոց, զբոսաշրջային տուն և իջևանատուն:

Ըստ Ա. Գրիգորյանի՝ հետազոտվել են «չորսաստղանի», «երեքաստղանի» հյուրանոցներ, ինչպես նաև ընդգրկել են օբյեկտներ, որոնք որակավորված չեն, բայց հաշվառված են:

  • Կիսվել: