շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի պատգամավորները դրական են գնահատում Արցախում կայացած ընտրությունները

Հայաստանի պատգամավորները դրական են գնահատում Արցախում կայացած ընտրությունները

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում, ընտրությունների ընթացքոը դրական է գնահատում։

«Հատկապես կարևոր է արձանագրել այն բարձր մասնակցությունը, որը ի հեճուկս տարբեր կանխատեսումների, Արցախի բնակչությունը ցույց տվեց», - Ստեփանակերտում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, Արցախ մեկնած պատգամավորների պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, ընտրությունների ընթացքում որոշ խնդիրներ տեղի ունեցել են, բայց արձանագրված տվյալները արտացոլում են արցախցու կամքը։

«Գալիք երկրորդ փուլը կլինի ավելի լավը, լավ կազմակերպված։ Հուսանք, որ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված վիճակը չի կարող խանգարել այդ ընթացքին։ Մենք բոլորս հասկանաում ենք՝ որքան կարևոր է Արցախում ընտրությունների կայացումը», -ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը նկատեց, որ ընտրություններին մասնակցությունը բավական մեծ է եղել, ինչը նշանակում է, որ արցախցին արժևորում է իր իրավունքները և պատասխանատվությունը գնահատում է իշխանություն ձևավորելու հարցում։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատարը Արայիկ Հարությունյանն է՝ 49,26 տոկոս ձայնով, երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 26,4 տոկոս կողմ ձայներով։ Ընտրություններից 14 օր անց կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա ըստ նախնական արդյունքների, ԱԺ-ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր՝ Ազատ հայրենիք –ՔՄԴ կուսակցությունների դաշինքը (ղեկավարում է Արայիկ Հարությունյանը), Միասնական հայրենիք, Արդարություն, Հ․ Յ․ Դաշնակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները։

  • Կիսվել: