երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հայ կամավորների միություն» և «Դեպի Հայք» կազմակերպությունների արագ արձագանքման թիմն առանցքային օգնություն է ցուցաբերում Արցախի տեղահանված բնակչությանը

«Հայ կամավորների միություն» և «Դեպի Հայք» կազմակերպությունների արագ արձագանքման թիմն առանցքային օգնություն է ցուցաբերում Արցախի տեղահանված բնակչությանը

«Հայ կամավորների միություն» (Armenian Volunteer Corps)  և «Դեպի Հայք» (Birthright Armenia) կազմակերպություններն, արձագանքելով Հայաստանում ստեղծված մարդասիրական ճգնաժամին, ստեղծել են արագ արձագանքման թիմ, որն էական աջակցություն է ցուցաբերում Արցախի բռնի տեղահանված բնակչությանը:

Սեպտեմբերից սկսած այս նախաձեռնության շրջանակում ամբողջ աշխարհից ավելի քան 120 կամավոր, իրենց հիմնական աշխատանքի հետ մեկտեղ, ակտիվորեն ներգրավված են օգնության ցուցաբերման աշխատանքներում: Ոմանք նույնիսկ որոշել են իրենց ժամանակը նվիրել միայն այս գործին` հսկայական նվիրում ցուցաբերելով մարդասիրական առաքելությանը:

Կամավորներն առանցքային դեր են խաղում տարբեր կարևոր առաջադրանքներում: Նրանք մեծ դեր են ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ/ AGBU) և Համաշխարհային կենտրոնական խոհանոցի (World Central Kitchen) սննդի անվտանգության ծրագրի իրականացման, Ճշմարտության և արդարության կենտրոնի (Center for Truth and Justice կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականին Արցախում պատերազմից հետո վկայությունները պահպանելու նպատակով) համար վկայությունները թարգմանելու, VIVA, Transparent Charity Armenia և Hurry to Good բարեգործական կազմակերպությունների միջոցով կենսական նշանակություն ունեցող պաշարների փաթեթավորման և բաշխման, Արցախից Գորիս և Կոռնիձոր զանգվածային գաղթի ժամանակ All for Armenia կազմակերպությանը լոգիստիկ աջակցությամբ ապահովելու, դրամահավաքի, սոցիալական մեդիայի և կոնտենտի զարգացման հարցերում:

ՀԲԸՄ-ի Համաշխարհային կենտրոնական խոհանոցի (World Central Kitchen) կամավորների համակարգող, Արցախից տեղահանված Ռոզա Սայադյանը կարևորել է կամավորների անգնահատելի ներդրումը։

«Պարենային անվտանգության ծրագրի իրականացումը դժվար և նույնիսկ անհնարին կլիներ առանց կամավորների ամենօրյա նվիրված աշխատանքի: Մենք բարձր ենք գնահատում կամավորների հանձնառությունն այս դժվարին ժամանակներում Արցախի ժողովրդի կողքին կանգնելու գործում»,- նշել նա։

Կամավոր Շանթ Պետրոսյանն ևս այս կարծիքին է. «Աշխատելով այս նվիրված անհատների կողքին՝ ես ականատես եղա նրանց մեծ նվիրումին և դրական ազդեցությանն այս առաքելության վրա: Խորապես գնահատելի են արցախցիներին տաք սննդով ապահովելու նրանց ջանքերը»։

«Մենք անչափ երախտապարտ ենք կամավորների աջակցության համար, որոնք, չնայած ժամանակի անորոշությանը և մարտահրավերներին, պատրաստակամություն հայտնեցին աջակցելու նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն էին զգում: Միասին մենք փոխում ենք Արցախից բռնի տեղահանվածների կյանքը»,- նշել է «Հայ կամավորների միություն» կազմակերպության գործադիր տնօրեն Արինա Զոհրաբյանը։

Երկու կազմակերպությունն էլ կշարունակեն իրենց ջանքերն արագ արձագանքման թիմի միջոցով գործընկերներին աջակցելու համար:Նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ աջակցելու այս ջանքերին, պետք է դիմեն «Հայ կամավորների միություն» կազմակերպությանը կամ «Դեպի Հայք»-ին: Եթե դուք ցանկանում եք փոփոխություններ անել, մաս կազմել այս օգնության նախաձեռնությանը և համապատասխանում եք չափանիշներին, մենք ձեզ հորդորում ենք դիմել:

«Մենք հավատում ենք հավաքական գործի և համերաշխության ուժին: Մեր կամավորները, որոնք միասին աշխատում են կենսական օգնություն ցուցաբերելու ճգնաժամի մեջ գտնվողներին, այդ համոզմունքի վկայությունն են», - նշել է Արինա Զոհրաբյանը:

  • Կիսվել: