կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հավատում եմ՝ արցախահայության դարավոր երազանքը կիրականանա․ Ստեփանակերտի քաղաքապետ

Հավատում եմ՝ արցախահայության դարավոր երազանքը կիրականանա․ Ստեփանակերտի քաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը Արցախի վերածննդի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

34 տարի առաջ տեղի ունեցած պատմական նստաշրջանը մեր ուխտն էր հայ մնալու և Արցախը հայկական պահելու: Այն համայն հայության զարթոնքի ազդարարն ու հայոց մեծ ընտանիքի հիմնաքարն էր: Ինչպես և սպասվում էր, մի ողջ ժողովրդի կամարտահայտումը անտեսվեց, իսկ հետո նաև այն ուժով մարելու փորձեր կատարվեցին:

Սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքը ոտնահարվեց: Բայց 88-ի Փետրվարի 20-ի ոգին այլևս անսասան էր: Մաքառումների արդյունքում կռեցինք հաղթանակներ, կառուցեցինք երկիր: Ցավոք, 2020-ի աշնանը մարդկային ու տարածքային ծանր կորուստներ ունեցանք։ Հավերժ փա՜ռք մեր հերոսներին, խունկ ու խոնարհում մեր նահատակների հիշատակին... Բայց հենց մեր հերոսների նվիրումն է պարտադրում չկոտրվել, պայքարը կիսատ չթողնել։ Քանի դեռ արցախահայությունը չի հասել իր գերնպատակին, պայքարը շարունակվում է:

Հավատում եմ՝ արցախահայության դարավոր երազանքը կիրականանա, պարզապես պետք է հավատարիմ մնալ 88-ի ոգուն ու ներկա ժամանակների առաջնահերթություններին: Այդ ամենի սպասումով՝ շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ»:

  • Կիսվել: