«HALO Trust»-ի մասին հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ՝ սահմանված ընթացակարգով քննարկելու համար․ գլխավոր դատախազություն
Արցախում ականազերծման գործունեությամբ զբաղվող «HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության շուրջ մամուլում առաջացած աղմկահարույց տեղեկատվությունը ստուգելու համար ԱՀ դատախազության կողմից այսօր այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
Այս մասին հայտնեցին ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ InfoPort.am-ին ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել էր, որ Արցախի նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանակն Halo Trust կազմակերպությունը, որը զբաղվում է Արցախում ականազերծման աշխատանքներով, ԱՀ ականապատ տարածքների մասին ինֆորմացիա է փոխանցել Թուրքիային, չի արտահայտում ԱՀ նախագահի պաշտոնական տեսակետը այդ կառույցի աշխատանքների վերաբերյալ, և կազմակերպությունը շարունակում է աշխատել Արցախում։