ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հադրութի գույները՝ Ստեփանակերտում. 50֊ամյա Արվեստի դպրոցի մասին պատմում է տնօրենը

Հադրութի գույները՝ Ստեփանակերտում. 50֊ամյա Արվեստի դպրոցի մասին պատմում է տնօրենը

Հադրութի Արվեստի դպրոցն ունի 50 տարվա պատմություն: Սկզբում եղել է Մանկական երաժշտական դպրոց, հետո վերանվանվել է Երաժշտական դպրոց, այսօր էլ՝ Հադրութի Արվեստի դպրոց:

Հաստատության կոլեկտիվը երեք պատրերազմ է տեսել: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այն վերաբացվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նկուղային հարկում, որտեղ տնօրինությունն ու աշակերտները փորձում են ամեն գնով պահպանել Հադրութից բերած արվեստն ու մշակույթը:

Բնութագրությունը հասանալի չէ

Դպրոցի վերաբացման, առկա խնդիրների և դրանց հաղթահարման մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է տնօրեն Տաթևիկ Մկրտչյանի հետ: «Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, բնականաբար, բոլորս դեռ գտնվում էինք Երևանում: Եվ քանի որ Հադրութի շրջանն անցել է թշնամուն, մենք պետք է մեր գործունեությունը վերսկսեինք լրիվ այլ կերպ ու այլ պայմաններում: Ունեինք ընտրության հնարավորություն՝ դպրոցը վերաբացել Երևանում կամ Արցախում: Բնականաբար, մենք րոպե առաջ ուզում էինք վերադառնալ Արցախ ու գործունեություն ծավալել այստեղ: Այդ կարևոր հարցում մեզ իր աջակցությունն է ցուցաբերել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ինչի համար երախտապարտ ենք նրան: Նոր հասցեում գործում ենք 2021թ. մարտի 1-ից։ Կարողացանք պարապմունքներին ընդգրկել դպրոցի սաներից 68-ին:

Բնութագրությունը հասանալի չէ

Ընթացքում Արցախ վերադարձած հադրութցի ընտանիքների երեխաները մեզ միացան նոր ուսումնականի սկզբից։ Այժմ ունենք 120 աշակերտ»,- պատմել է Տ. Մկրտչյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը Արվեստի դպրոցի վերաբացումը համարում է համախմբման, միասնական լինելու արդյունք, ինչը հնարավորություն է տալիս փայփայելով պահել Հադրութի արվեստն ու մշակույթը:
«Դպրոցում գործում են դաշնամուրի, երգեցողության, կիթառի, դհոլի, քանոնի, ակորդեոնի, շվիի, պարարվեստի, թատերարվեստի, գորգագործության, կարպետագործության, հուլունքագործության, գոբելենի, կարուձևի, նկարչության, մանրանկարչության բաժիններ:
Այստեղ դասավանդում են բնիկ հադրութցի ուսուցիչներ: Երեխաների ուսումը կազմակերպվում է անվճար հիմունքներով: Նրանք մեծ սիրով ու ուրախությամբ են հաճախում դասերին. դպրոցը նրանց համար փոքրիկ Հադրութն է: Մենք նպատակ ենք ունեցել մեկ հարկի տակ հավաքել մեր սաներին, և դա մեզ հաջողվել է: Իսկ հայրենի եզերքի հանդեպ ունեցած կարոտն ու կորստի ցավը երեխաներին ստիպում են հուսալ, որ մի օր նորից կվերադառնանք»,- նշել է նա:
Խոսելով Արվեստի դպրոցում առկա խնդիրների մասին՝ տնօրենն առաջնահերթ է համարել շենքային պայմանները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շատ ենք ուզում ունենալ շենքային հարմարավետ պայմաններ: Հույս ունենք, որ առաջիկայում այդ խնդիրը ևս կլուծվի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարությանը ու հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանին, որ ամեն րոպե ցանկացած հարցում մեր կողքին են: Իրոք, մենք զգում ենք նրանց հոգատարությունը, ջերմությունն ու նվիրվածությունը հադրութցու ու, հատկապես, մեր Արվեստի դպրոցի նկատմամբ»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: