հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներին

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում վիրավորված երեխաներին

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին:

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
 
Այցի ընթացքում նրանք ծանոթացել և զրուցել են երեխաների հետ: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է երեխաների առողջական վիճակը, բուժման ընթացքը: Նա նշել է, որ դրական շարժընթացն ակներև է, և երեխաները հաղթահարել են բավականին դժվարություններ:
«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է Շոմբի Շարփը և հավելել. «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

  • Կիսվել: