ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գիշերը տեղի է ունեցել Փաշինյան-Սահակյան-Ղուկասյան հանդիպումը. խոսնակ

Գիշերը տեղի է ունեցել Փաշինյան-Սահակյան-Ղուկասյան հանդիպումը. խոսնակ

Այսօր գիշերը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանդիպումը: Այդ մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նա նաև հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր: Գևորգյանը սակայն չմեկնաբանեց մամուլում տարածված այլ լուրերը, ըստ որի հանդիպման ընթացքում Արցախի նախկին նախագահները համոզել են վարչապետին թույլատրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Կոչարյանին մեկնի Մոսկվա և տեղում փորձի ստեղծված դժվարին իրավիճակից լուծումներ գտնել: «Կարող են միայն ասել, որ գիշերային հանդիպման ժամանակ քննարկվել են ստեղծված իրավիճակին առնչվող ընթացիկ հարցեր»,- պնդեց Գևորգյանը:

Նշենք, ըստ որոշ լրատվամիջոցների Ռոբերտ Քոչարյանը շուտափույթ մեկնում է Մոսկվա այնտեղ հանդիպումներ անց կացնելու և Հայաստանում և Արցախում ստեղծված դժվարին իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար:

Այդ ինֆորմացիան հետագայում հերքեց նաև երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. «Ռոբերտ Քոչարյանը այս պահին Երևանում է և Մոսկվա մեկնել չի պատրաստվում»:

Նշենք նաև, որ ըստ Քրեական օրենսգրքի Քոչարյանի երկրից մեկնելու համար պետք է լինի դատարանի համապատասխան որոշում:

Հավելենք, որ այս օրերին Հայաստանի և Արցախի նախկին ու ներկայիս ղեկավարների միջև ընթանում են ակտիվ հանդիպումներ տարբեր ֆորմատներով:

 

  • Կիսվել: