ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գազատարի վնասում, քարոզչական ահաբեկչություններ, ոտնձգություն կյանքի իրավունքի հանդեպ․ ՄԱԿ-ի պաշտոնական էջում է հայտնվել Արցախի ՄԻՊ-ի զեկույցը․ ի՞նչ սպասել

Գազատարի վնասում, քարոզչական ահաբեկչություններ, ոտնձգություն կյանքի իրավունքի հանդեպ․ ՄԱԿ-ի պաշտոնական էջում է հայտնվել Արցախի ՄԻՊ-ի զեկույցը․ ի՞նչ սպասել

Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ ապրիլի 27-ին տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» զեկույցը։  

Զեկույցի մասին Zarkerak-am-ը զրուցել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի  Միջազգային համագործակցության հարցերով գլխավոր մասնագետ Անուշ Դանիելյանի հետ։

«ՄԱԿ-ի կողմից  նման զեկույցների տարածումը մեծ ձեռքբերում է, կարևոր է, որ դրանք  միջազգային իրավապաշտպան տարբեր կառույցներում ներկայացվեն՝ ցույց տալու համար, թե ինչ հումանիտար իրավիճակ է տիրում Արցախում։ Նման  զեկույցները հենց դրա ապացույցը և վկայությունն են»,- ասում է Անուշ Դանիելյանը։    

Դանիելյանը նշում է, որ զեկույցում միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրվում Արցախում փետրվար-մարտ ամիսներին ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ մի քանի ուղղություններով․«Առաջին մասում ներկայացված են նոյեմբերի 9-ից հետո գրեթե մեկ ու կես տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների նկատմամբ  տարբեր միջոցներով իրականացված ոտնձգությունները, այդ թվում՝ կյանքի և առողջության պահպանման իրավունքի, ֆիզիկական և  հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ»։

Մեր զրուցակցի խոսքով, զեկույցի հրատապությունը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով,որ ադրբեջանական կողմի գործողությունները նշված ամիսներին կրում էին ագրեսիվ, ընդհուպ ահաբեկչական բնույթ․  «Երկրորդ բաժինն առնչվում է 2022 մարտի 8-ին ՀՀ-ից Արցախ եկող միակ գազատարի աշխատանքը խաթարելուն, որի հետևանքով Արցախի ամբողջ բնակչությունը զրկվել էր գազամատակարումից»։

«Տարբեր աղբյուրներից ձեռք բերված փաստերը վկայում են, որ գազատարը դիտավորյալ պայթեցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Դրա մասին է նաև փաստում այն, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ խոչընդոտում էր համապատասխան մասնագետների մուտքը, որպեսզի նրանք վերականգնեն գազատարի վնասված մասը»,- նշում է Դանիելյանը։ Երրորդ բաժինը Արցախի սահմանամերձ գյուղերում ադրբեջանցիների կողմից քարոզչական բնույթ կրող ահաբեկչական գործողությունների մասին է, որով նրանք փորձում էին ստիպել քաղաքացիական բնակչությանը լքել իրենց տները։  

Արցախում ստեղծված իրավիճակի  վերաբերյալ նշված փաստերի արձանագրումը ՄԱԿ-ի կողմից կարևոր է հատկապես այն առումով, որ «Ադրբեջանի կողմից միջազգային ոչ մի կազմակերպության թույլ չի տրվում գալ ԼՂ, ծանոթանալ իրավիճակին, հասկանալ՝ ինչ հումանիտար խնդիրներ կան»,- ընդգծում է Դանիելյանը։

Թե ինչ սպասելիքներ կան ՄԱԿ-ի կողմից Արցախի ՄԻՊ-ի զեկույցի հրապարակայնացումից, Դանիելյանը նշում է․ «Դեռ ծանրակշիռ արձագանք չենք ստացել։ Հիմնականում այսպես է՝  նրանք, այո՛, տարածում են զեկույցը, մեջբերումներ են անում, բայց ծանրակշիռ արձագանքներ չեն լինում։Սպասումը մեկն է , որ միջազգային հանրությունը արձագանքի իրավիճակին պատշաճ կերպով»։

Վստահ ենք, որ ադրբեջանական կողմը փորձել է խոչընդոտել զեկույցի՝ ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարկվելուն․ «Բայց ակներև փաստեր, ցավոք, ներկայացնել չենք կարող»,- եզրափակեց Դանիելյանը։

  • Կիսվել: