երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ֆինանսական և գույքային աջակցություն կտրամադրվի այն քաշաթաղցիներին, որոնք կվերադառնան Արցախ․ ԱՀ նախագահ

Ֆինանսական և գույքային աջակցություն կտրամադրվի այն քաշաթաղցիներին, որոնք կվերադառնան Արցախ․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը նշել է, որ տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և ավանդական դարձած ձևաչափով հանդիպումների նպատակն է ժամանակին վերհանել բոլոր խնդիրները և փորձել առկա հնարավորությունների սահմաններում օպերատիվ լուծումներ առաջարկել:

Անդրադառնալով  բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով փոխհատուցման խնդիրներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:



Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր տեղահանված քաղաքացիների  վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից: Եվ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է ՀՀ-ում ապաստանած քաշաթաղցիների  խնդիրների մասին, լսել դրանց լուծմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

  • Կիսվել: