հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Եթե հասարակությունը պայքարի անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև». Ռուբեն Վարդանյան

«Եթե հասարակությունը պայքարի անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև». Ռուբեն Վարդանյան

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումն իր ֆորմատով և թեմատիկայով Արցախում առաջինը կարելի է համարել։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումը անցկացվել է «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։ Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ սա ամենաարդյունավետ մոդելներից է, որը հնարավորություն է ընձեռնում միասնական քննարկել և ուշադրություն դարձնել յուրաքանչյուր խնդրի:
 
Ֆորումի փակման արարողությանը ներկա ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում բարձր է գնահատել նախաձեռնության հեղինակների կատարած աշխատանքը:
 
«Եթե մենք մարտահրավերները թվարկելու լինենք, ապա այսօր առաջինը անվտանգայինն է, երկրորդը՝ քաղաքականը, երրորդը՝ ժողովրդագրականը: Մեր այսօրվա խնդիրը, որը հազարամյակների պատմություն ունի, եղել է հենց ժողովրդագրականը։ Հենց այդ համատեքստում էլ արդիական է ֆորումի անցկացումը»,-ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Ապագա հայկականը» հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներից։
 
«Կարծում եմ` այսօր շատ կարևոր քննարկում ունեցանք: Կարևոր Էր հասկանալու համար տրամադրությունները, հնարավորությունները և այն ուղիները, որոնցով կարելի է հասնել մեր նախանշված նպատակին: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մասնակցել և աջակցել են արցախյան ֆորումին»,-ընդգծել է Ա. Ապիտոնյանը:
 
Նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքով` ամենամեծ վտանգը անտարբերությունն է, և եթե հասարակությունը պայքարի այդ անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև:
 
«2022 թվականի աշնանը տեղի է ունենալու «Ապագա հայկականի» համաժողովը, որն իր շուրջը համախմբելու է շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:
 
 

  • Կիսվել: