շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թեեւ Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի պաշտպաններին իրենք են ընտրել, նրանք կախված են Բաքվից․ Սիրանուշ Սահակյան

Թեեւ Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Բաբայանի պաշտպաններին իրենք են ընտրել, նրանք կախված են Բաքվից․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի օմբուդսմենի այցելությունները Բաքվում ձերբակալված հայ գերիներին մոլորեցման նպատակով իրականացվող արշավային գործընթացներ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի օմբուդսմենի ինստիտուտն ունի B ստատուս, ինչը նշանակում է, որ ամբողջովին պաշտպանված չեն փարիզյան սկզբունքները, այդ թվում անկախությունը:

«Եթե մենք ունենք ոչ լիարժեք անկախ օմբուդսմեն, նա չի կարող լիարժեքորեն գնահատական տալ հայերի առնչությամբ,. որոնք ենթարկվում են համակարգային խտրականության եւ ատելության ադրբեջանական հասարակությունում»,-ասաց նա:

Սիրանուշ Սահակյանի խոսքով, առնվազն ռազմագերիների մասով ներգրավված են եղել հանրային պաշտպանի գրասենյակից նշանակված փաստաբաններ, որոնք գործել են մասնագիտական էթիկայի եւ փաստաբանական գործունեության սկզբունքներին հակառակ եւ չեն ապահովել իրական պաշտպանություն. «Կան փաստաբաններ, որոնք անգամ մինչեւ դատական նիստը չեն հանդիպել ռազմագերիներին: Որեւէ համաձայնեցված պաշտպանություն չի եղել, նրնց ներգրավվածությունը եղել է խիստ ձեւական: Ավելին, նրանք իրենց արտահայտություններում խախտել են անմեղության կանխավարկածը եւ դարձյալ հայատյաց տրամադրությունների մեջ են եղել:

Ես հույս չունեմ, որ այդ փաստաբանական գործունեությունը որեւէ կերպ կարող է ազդել դատական ակտերի վրա: Ոչ միայն այն պատճառով, որ փաստաբանները կախյալ են, այլ նաեւ այն պատճառով, որ Ադբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Դավիթ բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի դեպքում նշվում է, որ նրանք ունեն փաստաբան, բայց փաստաբանների անունները չեն բացահայտվում, Սիրանուշ Սահակյանն ասաց. «Մենք այստեղ ունենք առաջընթաց, որ եթե նախկինում բլոր ռազմագերիներին ներկայացնում էին պետության կողմից նշանակված փաստաբանները, այս պարագայում ընտանիքներին հնարավորություն է տրվել ընտրել փաստաբան, բայց այդ ընտրությունը կատարվում է Ադրբեջանում լիցենզավորված եւ գործող փաստաբաններից: Այստեղ մենք կարող ենք հարաբերական կախյալության մասին խոսել: Մասնավոր փաստաբանները հարաբերականորեն ավելի անկախ են, բայց ընդհանուր առումով մենք կարծում ենք, որ փաստաբանական համայնքը Ադրբեջանում կայացվածության խնդիր ունի եւ դա չի կարող չազդել ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքի վրա»:

  • Կիսվել: