երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկու օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին, մինչ այս պահը որևէ պատասխան չկա. Աբրահամյան

Երկու օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին, մինչ այս պահը որևէ պատասխան չկա. Աբրահամյան

Մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «2 օր առաջ Արցախի իշխանությունը հրապարակային դիմեց ՌԴ-ին` Ադրբեջանի հետ անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու և առաջացած խնդիրները քննարկելու համար:

Այս թեմայի վերաբերյալ նախօրեին տեսաուղերձով խոսեց Արցախի պետնախարարը, ով ընդգծեց, որ անվտանգ հանդիպման վայր ասելով նկատի ունեն, օրինակ` ռուսական ռազմակայանը կամ մեկ այլ վայր, բայց ոչ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք:

Ադրբեջանի վերահսկողության որևէ հատվածում չկա երաշխիք, որ բանակցողների անվտանգությունը կպաշտպանվի և այս տեսանկյունից մոտեցումը տրամաբանական է:

Հաջորդ հանգամանքը, որն ուրվագծվում էր արցախյան առաջարկում, այն էր, որ ադրբեջանցիների հետ հանդիպումը պետք է լինի միջնորդների ներկայությամբ ու անհրաժեշտ երաշխիքներով, որ փոխադարձ պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա:

Այն ուժերը, որոնք պնդում են, որ կարելի է ադրբեջանցիների հետ առանց միջնորդների ու միջազգային երաշխիքների հավասար պայմաններում բանակցել` կա´մ սիրողական մոտեցում ունեն քաղաքական գործընթացների վերաբերյալ, կա´մ Արցախը նպատակային տանում են ադրբեջանացման ճանապարհով:

Արձանագրենք, որ մինչ այս պահն արցախյան առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան կամ արձագանք չկա` ո´չ հրապարակային, ո´չ էլ որքան տեղյակ եմ` ներքին խողովակներով, իսկ իրադրությունն Արցախում շարունակում է սրընթաց անկման գնալ»:

 

  • Կիսվել: