ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երդումս կարող եմ կրկնել ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի․ Վիտալի Բալասանյանը՝ Ասկերանում

Երդումս կարող եմ կրկնել ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի․ Վիտալի Բալասանյանը՝ Ասկերանում

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները մարտի 4-ին Ասկերանի շրջանում էին։ Նրանք հանդիպումներ ունեցան Խնածախ, Այգեստան, Խնձրիստան, Խաչեն, Նորագույղ և Խնապատ գյուղերում։ 

«Մենք կարողացանք ազատագրել եւ պաշտպանել Արցախը՝ միասին։ Ես, որպես զինվորական, որպես Ձեզ հետ ճանապարհ անցած մարդ, ասում եմ՝ տարածքներ չեն հանձնվելու»,- հանդիպման ընթացքում ասաց Վիտալի Բալասանյանը։

Նա ընդգծեց, որ լիովին համակարծիք է գյուղացիների հետ` եթե երկրի անվտանգության ուղղությամբ հստակ քայլեր չարվեն, ո՛չ տնտեսություն կունենանք, ո՛չ առողջապահություն, ո՛չ կրթություն, ո՛չ բարեկեցիկ կյանք։

«Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի… Եկեք պատասխան տանք մեր մարտական այն ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, սա՞ է մեր պահած երկիրը»,- ասաց Բալասանյանը։

Նախագահի թեկնածուի խոսքով, վստահ է, որ որևէ մեկը չի կարծում, թե ինքն աթոռի կամ փողի է ձգտում: Բալասանյանը շեշտեց, որ պետք է հասկանալ նաև, որ այս ընտրություններում յուրաքանչյուրի ձայնն է որոշիչ լինելու։ Նա ընտրողներին հորդորեց` անպայման գնալ եւ կատարել իրենց ընտրությունը՝ գիտակցելով, որ կանխորոշում են Արցախի ապագան։

  • Կիսվել: