երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Երբ մարդ բարոյականության հետ խնդիր ունի». Վահրամ Աթանեսյանը՝ Դավիթ Շահնազարյանին

«Երբ մարդ բարոյականության հետ խնդիր ունի». Վահրամ Աթանեսյանը՝ Դավիթ Շահնազարյանին

Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել  է քաղաքագետ Դավիթ Շահնազարյանի վերջին հայտարարություններին՝ կապված ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ «Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը խիստ մտահոգիչ էր, իսկ ԱՀ ԱԺ հայտարարությունը բովանդակային առումով տարբերվում էր»:

Իր այս «դարակազմիկ» միտքը Դավիթ Շահնազարյանը պարզաբանել է. «Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Արցախի անունից կարող են խոսել միայն ԱՀ-ի պաշտոնական ներկայացուցիչները: Թվում է՝ հայրենասիրական հայտարարություն է, բայց իրականում շատ վտանգավոր: Այսինքն՝ սա Փաշինյանի երազանքն է, ինչին իսկապես ձգտել է գործընկերներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ տապալել Մինսկի խումբը: Սա ուղղակի հարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Խնդրում եմ չտրվել Արայիկ Հարությունյանի կեղծ հայրենասիրական կոչին»:

Իսկ Արցախի ԱԺ-ի հայտարարության առիթով Դավիթ Շահնազարյանը նշել է, որ « այնտեղ հստակ նշվում են պահանջներ, որոնք ԱՀ-ն դնում է Փաշինյանի առաջ, թե ինչպես պետք է նա ներկայացնի Արցախի շահերը և բանակցի ինչ սահմաններում։ «Հայտարարությունում նշված է, որ ԱՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հիշատակվում էր նաև ԳԽ որոշում-օրենքը»: Տեսնենք, թե Արցախի նախագահի ուղերձում ինչ շեշտադրումներ կան։

1. «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից»:

2. « Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ»։

3. «Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն»:

4. «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր հայրենակիցները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ»:

Որտեղի՞ց եւ ինչի՞ց է Դավիթ Շահնազարյանն այստեղ տեսել «ուղղակի հարված ԵԱՀԿ Մինսկի խմբին» կամ «Մինսկի խումբը տապալելու՝ Փաշինյանի երազանքին աջակցություն»: (Ի դեպ, ինչ-որ ժամանակ ԼՂ կարգավորմամբ, իսկ ավելի քանի երկու տասնամյակ նույն հարցով փորձագիտական, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ միասնաբար, աշխատանքով զբաղված Դավիթ Շահնազարյանը քաջ գիտի, որ Մինսկի խումբը տապալել չի կարող ոչ միայն Փաշինյանը, այլեւ՝ Իլհամ Ալիեւը, քանի որ այն կազմավորվել է ՄԱԿ-ի մանդատով՝ ԵԱՀԿ կողմից, իսկ վերջինս մի կառույց է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով)։ Այժմ տեսնենք, թե Արցախի ԱԺ

Հայտարարության մեջ ինչ է ասված։
«Անթույլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նվազեցնող ցանկացած հայտարարություն»։

Գուցե Դավիթ Շահնազարյանը հիացած է «Արցախի հայկական ապագան․․․ նվազեցնող հայտարարություն» ձեւակերպմա՞մբ։ Հնարավոր է, ճաշակին, ինչպես ասում են, ընկեր չկա։ Բայց ինչու՞ է հաջորդիվ ԱՀ ԱԺ-ն ՀՀ վարչապետի «հայտարարությունը» միայն «տարակուսելի» որակում՝ այս գնահատականի հանդեպ Դավիթ Շահնազարյանի հիացմունքը, մեղմ ասած, մտորումների տեղիք է տալիս։ Մանավանդ որ Հայտարարությունն ավարտվում է մի գրեթե ոչինչ չասող ընդհանրացմամբ․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի եւ իշխանությունների դիրքորոշումը Արցախի Հանրապետության ինքնիշխանության եւ անկախության հարցում, հայտարարում է` անընդունելի է առանց Արցախի իշխանությունների տեսակետը հաշվի առնելու դիրքորոշում հայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանությունները»։-

Անհավանական չէ, որ Դավիթ Շահնազարյանին հրապուրել է այն, որ Արցախի ԱԺ-ն իրեն թույլ է տվել բանակցային գործընթացն անվանել «տարեգրություն», այսինքն՝ այլեւս մեռած, իսկ 1991թ․ դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն՝ «հայկական կողմերի իրավական հիմքեր», բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։ Էական է այն, թե ինչու՞ է Արցախի հարցով, արցախահայության ապագայով «մտահոգ» Դավիթ Շահնազարյանը ոչնչից հակասություն տեսնում նույն խնդրի եւ երույթի վերաբերյալ ԱՀ նախագահի եւ ԱԺ արտահայտած տեսակետների միջեւ։ Եւ դա այն դեպքում, երբ այդ ԱԺ-ում ամենամեծ խմբակցություն հենց «Ազատ հայրենիք» կուսակցությունն ունի, քաղաքական այն ուժը, որ հիմնադրել եւ մինչեւ նախագահի պաշտոնն ստանձնելը գլխավորել է Արայիկ Հարությունյանը։

Իմաստը ո՞րն է։ Միայն այն, որ Արայիկ Հարությունյանի ուղերձից մի քանի ժամ անց Երեւանում տեակետ է հնչել, թե «դա էական չէ, եկեք սպասենք ԱԺ հայտարարությա՞նը»։ Բայց այդպես ասողը պետք է հոգ տաներ, որ ԱԺ Հայտարարությունն իրոք թե քաղաքական իմաստով, թե դիվանագիտական հղումներով, թե, մանավանդ, ձեւակերպումների գրագիտությամբ Արայիկ Հարությունյանի Ուղերձից իրոք գոնե մի գլուխ բարձր լիներ։ Մինչդեռ հակառակն է ստացվել։ Բայց, պարզվում է, երբ մարդ բարոյականության հետ խնդիր ունի, «ամենավերջին անառակին կարող է կույս ներկայացնել»։ Ցավալի է»:

  • Կիսվել: