հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՊՀ-ի և ԱրՊՀ-ի միջև կնքվել է համագործակցության նոր պայմանագիր

ԵՊՀ-ի և ԱրՊՀ-ի միջև կնքվել է համագործակցության նոր պայմանագիր

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով ՀՀ-ում էր։

Այցի ընթացքում ռեկտորը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի, ԵՊՀ ղեկավարության հետ, մասնակցել ՀԲԸՄ ընդունելությանը, որը կազմակերպվել էր ի նշանավորումն Հայաստանի անկախության 30-ամյակի։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի պետական համալսարանում բարձրագույն կրթությանը և գիտության զարգացմանը վերաբերող հարցեր։
 
Այս մասին «Արցախպրես»-ին հաղորդեցին Արցախի պետական համալսարանի Լրատվության և հանրային կապերի բաժնից:
 
Հանդիպման արդյունքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ԵՊՀ-ում ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության նոր պայմանագիր՝ զարգացնելու կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում առկա փոխգործակցությունը: Ըստ կնքված պայմանագրի՝ երկու բուհերը մշակելու և կյանքի են կոչելու համատեղ ծրագրեր, իրականացնելու են դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, կազմակերպելու են տեղեկատվական, մարզական ու մշակութային միջոցառումներ: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է պայմանագրի ստորագրումը:
 
«Երևանի պետական համալսարանը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության Մայր բուհն է, և պատահական չէ, որ 51-ամյա ԱրՊՀ-ն առ այսօր զգում է ԵՊՀ-ի աջակցության կարիքը:Երկու բուհերի միջև համագործակցության հուշագիրը կնքվել էր դեռևս 2014 թվականին՝ 5 տարի ժամկետով: Հաշվի առնելով համավարակը, այնուհետև՝ 44-օրյա պատերազմը՝ նոր պայմանագիր կնքելու հնարավորություն չէր ստեղծվել: Այսօր արդեն այն իրողություն է»,- նշել է Ա. Սարգսյանը:
 
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էլ փաստեց, որ Մայր բուհը կանգնել ու մշտապես կանգնած է լինելու Արցախի և Արցախի պետական համալսարանի կողքին։
 
«Մեր միջև առկա կապերն ամուր են, բայց մենք դրանք էլ ավելի կամրացնենք՝ ցույց տալու բոլորին, որ մենք կանք և կլինենք»,- ընդգծել է Հ. Հովհաննիսյանը:
 
Կնքված նոր պայմանագրի արդյունքում ԵՊՀ-ն տրամադրելու է գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, աջակցելու է ԱրՊՀ մասնագետների պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման, ատենախոսությունների պաշտպանության, ֆակուլտետների և ամբիոնների փոխգործակցության կազմակերպման գործընթացներին և այլ աշխատանքների։ ԱրՊՀ ռեկտորի աշխատանքային հանդիպումները գիտակրթական հաստատությունների պատասխանատուների հետ շարունակվելու են՝ ԱրՊՀ համագործակցային շրջանակներն ընդլայնելու, բարձրագույն կրթության շարունակական բարելավման ու զարգացման նպատակով։

  • Կիսվել: