երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների շրջանակներում սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարության մեջ:

«Ես ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը: Դրա հետ չի կարելի համակերպվել: Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Եկել է զենքը թողնելու, դեէսկալացիայի և երկխոսություն սկսելու ժամանակը»,- ասել է նա:

ԵԽ գլխավոր քարտուղարը հավելել է, որ միայն բոլոր կողմերի բովանդակալից երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն խաղաղության:

Նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով:

  • Կիսվել: