կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Արցախի հարցին

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է Արցախի հարցին

Գերմանիայի Քարլսրու քաղաքում այս օրերին գումարվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Արցախի հարցին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության անդամ, լիբանանյան համալսարանում քաղաքական գիտությունների և միջազգային օրենքի դասախոս Նորա Պայրագթարյանը ներկայացրել է Արցախի մասին հայտարարությունը:
 
Հայտարարության մեջ համաժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից արցախյան 44-օրյա նախահարձակ պատերազմն ու իր զորակցությունը հայտնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
 
Համաժողովը դատապարտել է քիմիական զենքի գործածությունն ու միջազգային օրենքին հակասող այլ պատերազմական հանցագործությունները:
 
Համաժողովը կոչով դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը, Եվրոպական Միությանն ու Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին:
 
Այն իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախի գրավյալ շրջաններում գտնվող սրբավայրերի և հայկական  մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների փաստով՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային համայնքին՝ բոլոր միջոցներով պահպանել հայկական մշակութային կառույցներն ու վայրերը:
 
Արցախյան հակամարտության արդար և խաղաղ լուծման համար համաժողովը կոչով դիմել է ԵԱՀԿ-ին` Մինսկի խմբի շրջանակներում երկխոսություն սկսելու շուրջ:

  • Կիսվել: