ԵԱՀԿ գործող նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն քաղաքական կարգավորման հասնելու համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, տեղեկացնում են ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակից:
Ինչպես հաղորդվում է՝ զրուցակիները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի դերակատարումը, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու առնչությամբ հարցեր, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն առաջ մղելու ջանքերը:
Նշվում է նաև, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու՝ Շվեդիայի հանձնառության համար: