ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ձեռքից ձեռք». արցախցի երիտասարդները կյանքի են կոչում նոր նախաձեռնություն

«Ձեռքից ձեռք». արցախցի երիտասարդները կյանքի են կոչում նոր նախաձեռնություն

Արցախցի ակտիվ երիտասարդներ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքից Շուշան Մարտիրոսյանը և Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքից Սասուն Դավիդյանը վերջերս ստեղծել են «Ձեռքից ձեռք» օնլայն հարթակը, որը կօգնի յուրաքանչյուրին գնել կամ վաճառել ցանկացած ապրանք։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշան Մարտիրոսյանը նշեց, որ այլընտրանք չունենալու պատճառով մենք հաճախ ձեռք ենք բերում անորակ և թանկ ապրանք. հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով, ստեղծեցին այնպիսի հարթակ  , որտեղ վաճառողը և գնորդը կլինեն ուղիղ կապի մեջ՝ նրանց միջնորդությամբ:

«Անկեղծ ասած` մենք դեռ վաղուց էինք ցանկանում ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ` իրացնելով արտադրանքը: Դա հնարավորություն կտա մեր հասարակությանը գնել մատչելի և որակյալ արտադրանք։ Հարթակը մարդկանց հնարավորություն է տալիս վաճառել իրենց ապրանքն առանց շուկա գնալու կամ ինչ-որ ավելորդ աշխատանք կատարելու։ Արտադրողն ուղարկում է իր ապրանքի լուսանկարը, գինը և որոշակի ինֆորմացա, իսկ մենք դրանք տեղադրում ենք հարթակում: Ուրախությամբ կարող եմ նշել, որ սպասելիքներն արդարացան: Նման հարթակը պահանջված է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում. մարդիկ ցանկանում են վաճառել իրենց ապրանքը առցանց, բայց շատ հաճախ այդպես էլ չեն տեղադրում որևէ հայտարարություն, քանի որ չունեն բավարար ինֆորմացիա սոցցանցերից կամ ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում անձամբ հայտարարություն տեղադրել»,- ասել է Շ. Մարտիրոսյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենց մատուցած ծառայությունները դեռևս անվճար են:

  • Կիսվել: