ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դուք մի'  հավատացեք մեր լռությանը». Ստեփանակերտում կազմակերպվել է ոգեկոչման ու հիշատակի միջոցառում

«Դուք մի' հավատացեք մեր լռությանը». Ստեփանակերտում կազմակերպվել է ոգեկոչման ու հիշատակի միջոցառում

Այսօր՝ ապրիլի 25-ին, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Դուք մի'  հավատացեք մեր լռությանը» խորագրով  ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիների հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը:

«Այսօր հավաքվել ենք ոգեկոչելու 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակը, ոգեկոչելու մեր բանակին, մեր գեներալներին: Կորստի ցավը բոլորինս է, հասցված վերքը բաց է և տակավին արնածոր: Հարցեր են առաջանում, և դժվար է գտնել դրանց պատասխանները, սակայն պետք է կարողանանք գտնել այդ պատասխանները, որոնք, միգուցե, կօգնեն մեզ այսուհետ խուսափել կորուստներից, սխալներից:

Դժվար է նաև նայել որդեկորույս մայրերի, այրիացած կանանց, հայրիկներին սպասող ու հայացքներով նրանց անվերջ փնտրող մանուկների աչքերին, անհնար է նաև պատասխանել նրանց հայացքներում սառած, հավերժական դարձած հարցին՝ «Ու՞ր են», իսկ տղաները երկնքում են , նրանք մեզ են նայում մաքուր ու ջինջ, բայց արդեն ամեն ինչ իմացող աչքերով: Եվ մենք՝ մահկանացուներս, դժվար ի զորու լինենք կռահել նրանց ասելիքը: Տղաները հրամայում են հաստատուն ապրել ու արարել մեր հայրենիքում, լինել միասնական, որից սարսափում է հայի հավերժ դահիճ թուրքը»,-նշել է Լ. Ավանեսյանը:

Աշակերտների և ուսուցիչների կողմից միջոցառման ողջ ընթացքում հնչեցված հայրենասիրական կատարումներն ու  ելույթները համախմբման և հանուն Հայրենիքի գոյատևման պայքարելու յուրահատուկ կոչ էին հայությանը։

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ ցերեկույթը հնարավորություն էր ևս մեկ անգամ զգալու հերոսների ներկայությունը մեր կողքին:
«Մենք բոլոր ծնողների հետ հավասար սգում ենք նրանց որդիների մահը: Նման միջոցառումների կազմակերպումը նվազագույնն է, որ մենք կարող ենք անել նրանց համար։ Դասականն ասում է` մարդ լինել, նշանակում է զգալ ցավը։ Նպատակ ունեցանք աշակերտներին սովորեցնելու զգալ հայրենակցի ցավը, լինել մարդկային: Մեր հերոսները հավերժ ապրում են մեր սրտերում»,-նշել է Լ. Հարությունյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսուչ, Ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-ցերեկույթը, ելույթի իր խոսքում ընդգծեց, որ արցախցին հավերժ կապրի այն հողի վրա, որտեղ դարեր ի վեր ապրել են նրա նախնիները:

«Մենք պետք է ապրենք այս հողում, որպեսզի հավերժ ներկա պահենք մեր հերոսներին, ովքեր պաշտպանել են այս հայկական սրբավայրը: Երախտապարտ եմ դպրոցի անձնակազմին՝ այսչափ հուզիչ ու գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար»,-ընդհանրացրել է նա:

Ցերեկույթն ամփոփվեց ուսուցիչների ու աշակերտների «Պիտի ապրենք» կատարմամբ, որը հնչեց որպես ժամանակի հրամայական՝ Արցախին ամուր կառչելու ու այն պահպանելու գաղափարաբանությամբ:

 

  • Կիսվել: