շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել (տեսանյութ)

Չեխիայի հայերն ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել (տեսանյութ)

Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով է բարձրաձայնում Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։

«Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որպեսզի ուղարկվի չեխական խորհրդարան, որպեսզի անցնի քննարկման, և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում Արցախի բնակչությունը և տեղի հայ ժողովուրդը»,- ասել է Ավետիսյանը։

Հայկական համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալու հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից ինֆորմացիա են տրամադրել իրավիճակի մասին։

«Մենք ունենք բազմաթիվ նամակներ հենց չեխերից, որ նրանք պատրաստակամ են ինչով կարող են՝ օգնել մեզ։ Կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությանը, կան մարդիկ, որոնք դրամով են ցանկացել օգնել։ Չնայած, որ մենք ձեզնից հեռու ենք, բայց բոլորը ձեր կողքին են, և վստահ եմ, որ շատ-շատ մարդիկ պատրաստ են կանգնել հայերի կողքին»,- պատմել է Հակոբ Ավետիսյանը։

Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչը հայտնել է, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ճանաչվի Արցախը։

 
 

  • Կիսվել: