ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող նշանավոր գիտնականները հայտարարություն են տարածել

Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող նշանավոր գիտնականները հայտարարություն են տարածել

ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը տարածել է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող մի խումբ ակնառու միջազգային գիտնականների հայտարարությունը, որում խոր մտահոգություն է հայտնվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին սպառնացող ցեղասպանության անմիջական վտանգի կապակցությամբ:

Հայտարարության մեջ գիտնականները, ներկայացնելով կապը վերջին ագրեսիայի և 1915 թ. ցեղասպանության ժխտման, վերջին երեք տասնյամյակներում Ադրբեջանում և Թուրքիայում հայատյացության զարգացման, ընթացիկ ագրեսիայի շրջանակներում քաղաքացիական անձանց և կառույցները թիրախավորելու միջև, ցույց են տալիս, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում կա Արցախի և թերևս նաև Հայաստանի հանդեպ նոր ցեղասպանության իրական վտանգ՝ որպես կանխարգելման միջոց առաջարկելով Արցախի անկախության ճանաչումը:

Գիտնականները միջազգային հանրությանը պահանջ են ներկայացնում լուրջ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան և պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությունն անմիջապես դադարեցնելու ուղղությամբ: Նրանք կոչ են անում ձայն բարձրացնել այլատյացության, ագրեսիայի ու պատերազմի դեմ և կանխել մի նոր ցեղասպանություն:

Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեդիայի, Իսրայելի, Նոր Զելանդիայի, Ավստրիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ավստրալիայի առաջատար համալսարաններ ու գիտական հաստատություններ ներկայացնող ավելի քան յոթ տասնյակ գիտնականներ` տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

  • Կիսվել: