ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին. քաղաքապետ

Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին. քաղաքապետ

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետանքները վերացնելու, Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը հնարավորինս արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրաետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված՝ Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին, որի հիմնական նպատակը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելն է:

Բացի դրանից՝ աջակցության հիմնադրամի միջոցները նախատեսվում է նպատակաուղղել Ստեփանակերտի բնակչության և պատերազմի հետևանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալուն, զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաև աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն, սոցիալ-կենցաղային և այլ ծրագրերի իրագործմանը, Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականամանը, քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելուն, մայրաքաղաքում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելուն ու իրականացնելուն:

Այնպես որ, եկեք ուս ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը....»,- նշել է Դավիթ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու, իսկ ամբողջ գործընթացն իրականացվելու է առավելագուն թափանցիկության պայմաններում:

  • Կիսվել: