հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է «Զարթոնք» ակադեմիայի հաշվետու համերգը

Ստեփանակերտում կայացել է «Զարթոնք» ակադեմիայի հաշվետու համերգը

Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում նախօրեին կայացել է «Զարթոնք» արվեստի ակադեմիայի հաշվետու համերգը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգին հնչել են դասական, ժողովրդական, ջազային ստեղծագործություններ՝ ակադեմիայի երաժշտական աշխատարանների դասախոսների ու սաների կատարմամբ։

 

Մեզ հետ զրույցում «Զարթոնք» ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Քնարիկ Ներսիսյանն ասել է, որ ըստ նախատեսվածի՝ ակադեմիան իր երաժշտական-ստեղծագործական աշխատարաններով, Արցախում գործել է երկու շաբաթ շարունակ։

«Այս ընթացքում մեր վարպետներն իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցել սաներին։ Մի ամբողջ շաբաթ էլ հանդես ենք եկել համերգաշարով՝ ակադեմիայի բոլոր ֆակուլտետների մասնակցությամբ։ Մենք հիացած ենք Արցախ աշխարհի բոլոր հրաշքներով և արցախցիների ոգեղենությամբ, որը փոխանցվեց նաև մեզ»,-նշեց Ք.Ներսիսյանը։

Ակադեմիայի զարգացման տնօրեն Աննա Դեմիրճյանի խոսքով՝ երկշաբաթյա ծրագիրը բավականին ոգևորիչ էր և՛ դասախոսների, և՛ սաների համար։

«Մենք վստահ ենք, որ ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ երեխաների և վարպետների միջև ամուր կապ է հաստատվել, ինչպես նաև  Հայաստան- Արցախ- Սփյուռք համագործակցության կամուրջներ են ստեղծվել։ Այս ամենն առաջին քայլն է»,-համոզմունք է հայտնել Ա.Դեմիրճյանը՝ նշելով, որ նպատակ ունեին մշակութային շունչ հաղորդել, բայց, միաժամանակ, իրենք են ոգեշնչվել սրտաբաց, հյուրասեր ու անկոտրում արցախցիներից։

«Զարթոնք» արվեստի ակադեմիայի հաշվետու համերգին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար անձինք, զինվորականներ, երաժշտասեր հասարակություն։

  • Կիսվել: