շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստվերել արցախյան ընտրությունները, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին. պատգամավոր

Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստվերել արցախյան ընտրությունները, ջուր են լցնում Բաքվի ջրաղացին. պատգամավոր

Արցախում մարտի 31 կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին բոլոր միջազգային չափանիշներին, անցել են ազատ, արդար, մրցակցային մթնոլորտում, և բոլոր այն ուժերը որոնք փորձում են ստվերել այդ ընտրությունները իրականում ջուր են լցնում Բաքվի ջրաղացին: Նման կարծիք InfoPort-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Իհարկե, նշեց պատգամավորը, եղել են որոշ թերություններ, որոնք կարող էին լինել յուրաքանչյուր երկրում և որոնք ավելի շատ կրել են տեխնիկական բնույթ, սակայն դրանք որևէ կերպ չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, իսկ լեգիտիմության մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի քվեարկության արդյունքները լիովին արտահայտում եմ  Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը:

Պատգամավորը անթույլատրելի համարեց տարբեր շրջանակների կողմից ընտրությունը ստվերելու փորձերը` համարելով դրանք քաղաքականապես ուղղորդված և վտանգավոր: «Նման քայլերը կարելի է որակել հակապետական և նույնիսկ թշնամական, չէ որ հենց մեր թշնամիներն են զօր ու գիշեր աշխատում միջազգային հարթակներում Արցախը և ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորված նրա օրինական իշխանություններին չճանաչելու ուղղությամբ»,- նկատեց պատգամավորը:

Նա նաև տարօրինակ որակեց այն հանգամանքը, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի կազմակերպություններից, որոնց թվում էր նաև ԱԺ առաքելությունը, միայն մի կազմակերպություն է փորձում կասկածի տակ դնել ընտրությունները, այն էլ թերություններ արձանագրելով բոլոր թեկնածուների մոտ, բացի մեկից: «Այդ ինչպես եղավ, որ բոլոր դիտորդական առաքելությունները դրական են համարել ընտրությունները, բացի մեկից, այդ մեկն էլ բոլորի մոտ թերություններ է գտել, բացի մի թեկնածուից: Գտնում եմ, որ նման գնահատականները քաղաքականապես ուղղորդված են կոնկրետ շրջանակների կողմից կոնկրետ թեկնածուի օգտին և ոչ մի կերպ չեն կարող ստվերել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական ընտրական գործընթացները: Միևնույն ժամանակ կոչ եմ անում զերծ մնալ նման գործելաոճից, քանզի Արցախի ճակատագրով իրապես մտահոգված ոչ մի ուժ և գործիչ չի կարող գործել նման կերպ: Արցախը առանձնահատուկ է, այստեղ պետք են առանձնահատուկ և շատ նրբանկատ մոտեցումներ»,- շեշտեց  Խաչատրյանը:

Նա նաև ընդգծեց, որ ընտրությունների երկրորդ փուլը չի կարելի հետաձգել ոչ մի պարագայում: Այն պետք է կայանա նախանշված ժամկետում, քանզի ոչ մի խոչընդոտ դրա անցկացման համար չկա: «Ես վստահ եմ, որ Արցախի իշխանությունները կկարողանան վերահսկել համաճարակային վիճակը և արդյունավետ քայլեր ձեռնարկել վարակի վտանգը չեզոքացնելու համար: Սակայն ընտրությունների հետաձգումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ` հանրապետությունը գցել տևական անկայունության, լարվածության և անորոշության մեջ, ինչը վստահաբար բացասական կազդի թե ԱՀ-ի սոցիալ տնտեսական իրավիճակի, թե անվտանգության մակարդակի վրա»,- եզրափակեց պատգամավորը:       

    

  • Կիսվել: