ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ կոմունալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ

Բնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ կոմունալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին. Արցախի տեղեկատվական շտաբ

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին: Այս մասին ասված է ԱՀ տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների դիմաց վճարումների իրականացումն առաջին հերթին կարևոր է այս իրավիճակում ենթակառուցվածքների և, մասնավորապես, էներգետիկ համակարգի կայունության պահպանման տեսանկյունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի պահպանմանը, ճգնաժամի հետևանքով աշխատատեղերը կորցրած քաղաքացիների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցությանը: Կառավարության կողմից մշակվող այդ ծրագրերի մասին կհայտարարվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ից՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցման անջատման պատճառով Արցախում էներգամատակարարումն իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 17-ից Ադրբեջանի կողմից փաստացի խափանված է նաև Հայաստանից Արցախ կանոնավոր գազամատակարարումը:

Ստեղծված իրավիճակում կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկն առավելագույնս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: