չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաքուն 20 անգամ նվազեցրել է ԼՂ-ին մատակարարվող գազի ծավալը 10-ից 90%-ով․ կառավարության զեկույցը

Բաքուն 20 անգամ նվազեցրել է ԼՂ-ին մատակարարվող գազի ծավալը 10-ից 90%-ով․ կառավարության զեկույցը

ՀՀ կառավարությունը զեկույց է հրապարակել «2021-2026թթ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին», որում ներառված է Լաչինի միջանցքի փակման և միջազգային արձագանքի վերաբերյալ դիտարկումները։

«Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի արգելափակել է ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը՝ խափանելով միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկությունը և շարժը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։

2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը միտումնավոր խափանել է նաև ԼՂ-ին բնական գազի մատակարարումը, մի քանի օրից ԼՂ-ի գազամատակարարումը վերականգնվել է, ապա նորից խափանել: 2023 թվականի փետրվարի 20-ի դրությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր 10 անգամ ամբողջությամբ միտումնավոր խափանել է բնական գազի մատակարարումը ԼՂ: Ավելի քան 20 անգամ ԼՂ-ին մատակարարվող գազի ծավալը միտումնավոր նվազեցվել է 10-ից մինչև 90%-ով:

2023 թվականի հունվարի 9-ից Ադրբեջանը միտումնավոր խափանել է ՀՀ-ից էլեկտրական էներգիայի մատակարարումը ԼՂ: Բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների խափանման պատճառով ԼՂ կառավարությունն ստիպված էլեկտրաէներգիայի մատակարարման հովհարային անջատումներ է իրականացրել:

Սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասուրդի պատճառով դրանց առևտուրը ԼՂ-ում կտրոնավորվել և սահմանափակվել է: Տևական ժամանակով փակվել են բուհերը, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար սովորող զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից: Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ծանր հետևանքները մեղմելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ-ի ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

ՀՀ կառավարությունը գործադրել է բոլոր անհրաժեշտ ջանքերն ստեղծված իրավիճակը միջազգային ուշադրության և գնահատականի արժանացնելու համար. ՀՀ-ի դիմումի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հնչել են հստակ կոչեր` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը դադարեցվելու և միջազգային կառույցների՝ ԼՂ մուտքն ապահովելու վերաբերյալ։

Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտել են Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանից պահանջել դադարեցնել այն։ ՀՀ-ն ակտիվ ջանքեր է գործադրել և գործադրում ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջ: Այդ կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակեց «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին իր որոշումները: Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու հիմնական պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին, մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը, ձեռնարկել իր տրամադրության տակ առկա բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ հակընդդեմ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ և միաձայն մերժեց դրանք»։

  • Կիսվել: