երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Բացում» նախաձեռնությունն ակնկալում է, որ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղ կհասցնի իրենց հավաքած հումանիտար օգնությունը

«Բացում» նախաձեռնությունն ակնկալում է, որ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղ կհասցնի իրենց հավաքած հումանիտար օգնությունը

 «Բացում» նախաձեռնությունը ակնկալում է, որ ՄԱԿ գրությամբ ավտոմեքենաները Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղ կհասցնեն իրենց հավաքած հումանիտար բեռը՝ պարենը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց հրավիրված ասուլիսում այս մասին ասացին նախաձեռնության անդամները:

«Բացում» նախաձեռնության մասնակիցները տարբեր քաղաքական հայացքներով մարդիկ են, որոնք կարողացել են համատեղ 3 նպատակ մշակել:

«Առաջինն է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը, երկրորդը՝ ապահովել անվտանգություն, այդ միջանցքի անարգել ու անժամկետ օգտագործում, որով Հայաստանի և Արցախի միջև բեռնափոխադրում կլինի: Երրորդը՝ դուրս ենք եկել պայքարի Արցախի մեր հայրենակիցների իրավունքների համար, որոնք հայտնվել են հումանիտար աղետի շեմին: Այստեղ հավաքվելով՝ մենք ամենօրյա ռեժիմով ցույց ենք տալիս, որ 24 ժամ շարունակ կանգնած ենք Արցախի կողքին»,-ասաց «Բացում» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:

Նա հայտնեց՝ նախաձեռնությունը հումանիտար բեռներ է հավաքել, որոնք փոխանցելու են ՄԱԿ-ին՝ ակնկալիքով, որ Լաչինի միջանցքով դրանք տեղափոխվեն Արցախ: Սկսել են հավաքել հուլիսի 19-ից, այսօր արդեն տասնյակ տոննա հումանիտար բեռ են հավաքել: Նարեկ Այվազյանը վստահեցրեց՝ ՄԱԿ-ի գրասենյակն ամեն օր հարցնում է իրենց հավաքած հումանիտար բեռների մասին, ուշիուշով հետևում են ու տեղեկատվությունը փոխանցում ՄԱԿ-ի գլխամաս:

Նախաձեռնության մասնակիցները հուլիսի 31-ին, ժամը 11:00-12:00-ն, փակելով ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ իրենց խոսքը հասնի ՄԱԿ-ի կենտրոնակայան: «Այս ապատիկ ու դժգույն իրավիճակում մեր մեջ հույս կա, որ իրավիճակի վրա կարող են ազդել ավելի ազդեցիկ կառույցները, ինչպիսին ՄԱԿ-ն է»,-ասաց Այվազյանը:

Նախաձեռնության անդամներից մյուսն էլ շեշտեց՝ ՄԱԿ-ը առաջնային մանդատ ունեցող միջազգային կազմակերպություն է, որն ամենաշատ անդամ պետություններն ունի: Ունի բազմաթիվ հռչակագրեր, կոնվենցիաներ, որոնք աշխարհի յուրաքանչյուր կետում երաշխավորում են մարդու կյանքի իրավունքը, առողջ ու արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը: ՄԱԿ-ն ունի նաև պարենի համաշխարհային ծրագիր, որով տասնյակ տարիների ընթացքում աշխարհի ամենաթեժ կետերում պարեն են հասցրել: Բացի այդ, ունի Հաագայի միջազգային դատարանը, որը որոշում է կայացրել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:

«Մեր քաղաքացիական ճնշման ամբողջ նպատակն այն է, որ բացի տեղյակ լինելուց, պետք է նաև գործել: Տեղյակ լինելը դեռ բավարար պայման չէ, իսկ գործելու համար պետք է ճնշում լինի, թեկուզ ստիպողաբար, որ մեխանիզմներն աշխատեն: Սա մեր կողմից միայն պարենի հավաքագրում չէ, այս շարժմամբ փորձում ենք միջազգային մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ ձևավորել և հստակ հասկացնել, որ եթե ունեք սպիտակ թղթի վրա սևով գրված հռչակագրեր կամ նպատակներ մարդու իրավունքների մասով, և դրանք չեն իրականացվում, ապա մենք՝ Հայաստանի քաղաքացիներս,  լեգիտիմ իրավունք ենք ստանում, որ ձեզ հուշենք, ճնշում գործադրենք, որ այդ թղթի  վրա գրված նպատակները, հռչակագրերը կյանքի կոչվեն»,-ասաց անդամներից մեկը:

Այսպիսով, ըստ նախաձեռնության անդամների, սա միջազգային կազմակերպությունների մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ գեներացնելու շարժում է: Նրանք համարում են, որ եթե գեթ մեկ անգամ հումանիտար բեռով բարձված ավտոմեքենա, որի վրա գրված կլինի ՄԱԿ, մտնի Արցախ Լաչինի միջանցքով, ապա դա կդառնա նախադեպ ու միջանցքն արդեն կգործարկվի:

  • Կիսվել: